18:33   15-01-2021
Վահրամ Դումանյանը մասնակցել է ԵԽ սպորտի համար պատասխանատու նախարարների կլոր սեղանին
Թողնել մեկնաբանություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր մասնակցել է Եվրոպայի խորհրդի սպորտի համար պատասխանատու նախարարների 16-րդ համաժողովի շրջանակում կայացած կլոր սեղանին, որի շրջանակում ընդունվել է Եվրոպական մարզական խարտիայի լրամշակված տարբերակը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: 

Առցանց միջոցառմանը մասնակցել են Սպորտի մասին ընդլայնված մասնակի համաձայնագրի (Enlarged Partial Agreement on Sport՝ EPAS) անդամ երկրների ոլորտի համար պատասխանատու պաշտոնատար անձինք և միջազգային մարզական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Կլոր սեղանը նախագահել և ողջույնի խոսքով հանդես է եկել Հունաստանի մշակույթի և սպորտի նախարար Լեֆտերիս Ավգենակիսը: Այնուհետև ելույթ են ունեցել EPAS-ի անդամ երկրների պատվիրակության ղեկավարները:

Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, բարձր գնահատելով EPAS-ի հանձնառությունն ու կամքը միջազգային համագործակցությունը խթանելու գործում, վերահաստատել է այն փաստը, որ Հայաստանը սատարում է ՄԱԿ-ի 2030-ի կայուն զարգացման օրակարգի իրագործմանը և ընդունում է արդար խաղի, հարգանքի և համագործակցության վրա հիմնված սպորտը` որպես զարգացման և խաղաղության կարևոր խթանիչ: Նախարարը նաև ներկայացրել է Հայաստանի մարզական քաղաքականության հիմնական գերակայությունները և կատարած աշխատանքները:

Loading...