19:49   15-01-2021
ՀՀ դպրոցականները հաջողություններ են գրանցել միջազգային Ժաուտիկովյան օլիմպիադայում
Թողնել մեկնաբանություն

Ղազախստանի Ալմաթի քաղաքում հունվարի 8-15-ը տեղի է ունեցել Ժաուտիկովյան միջազգային 17-րդ օլիմպիադան, որը կազմակերպվում է «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաների գծով:

Այս տարի օլիմպիադան անցկացվել է առցանց, որին Հայաստանը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի երկու և «Քվանտ» վարժարանի մեկ թիմեր:

Օլիմպիադային մասնակցել են 20 երկրի 1005 դպրոցական, այդ թվում՝ 420-ը մաթեմատիկայից, 290-ը՝ ֆիզիկայից, 295-ը՝ ինֆորմատիկայից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, Հայաստանը ներկայացնող 21 մասնակիցներից 10-ն արժանացել են ոսկե, 5-ը՝ արծաթե և 2-ը՝ բրոնզե մեդալների: «Քվանտ» վարժարանի թիմն արժանացել է 5 ոսկե և 2 բրոնզե մեդալների՝ թիմային հաշվարկում գրավելով առաջին տեղը, իսկ ֆիզմաթ դպրոցի մեկ թիմը նվաճել է 3 ոսկե և 3 արծաթե մեդալներ՝ արժանանալով պատվավոր մրցանակի: Ֆիզմաթ դպրոցի երկրորդ թիմն արժանացել է 2 ոսկե և 2 արծաթե մեդալների:

Loading...