17:08   26-02-2021
Ֆրանսիայի նախկին արտգործնախարարին շնորհվել է Երևանի բժշկական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում
Թողնել մեկնաբանություն

«Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամ Բեռնարդ Քուշներին շնորհվել է Երևանի պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գիտական խորհրդին ներկայացրած միջնորդության վերաբերյալ հայտնեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ համալսարանի նիստերի դահլիճում կայացած միջոցառմանը, որին ներկա էին «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր Բեռնարդ Քուշները, «Solidarités International» կազմակերպության հիմնադիր Ալան Բուանեն և Ֆրանսիացի հետազոտողների միության (Société des Explorateurs Français) նախկին նախագահ, ֆրանսիացի գրող Պատրիս Ֆրանսեսկին:

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը նշեց, որ այս կազմակերպություններն ու նրանց հիմնադիրները տարիներ շարունակ կարևոր մարդասիրական ու գործընկերային ներդրում են ունեցել Հայաստանում և Արցախում, ինչը շարունակվում է առայսօր:

«Այս օրերին էլ նրանք շարունակում են իրենց գործունեությունն Արցախում, որտեղից նոր են վերադարձել»,- ասաց ռեկտորը՝ շնորհակալություն հայտնելով Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր «Ավրորա» մրցանակային կոմիտեին՝ բժշկական համալսարնում աշխարհահռչակ գիտնականների ներկայությունն ապահովելու, ինչպես նաև բուհի ձեռքբերումները միջազգային ասպարեզում ներկայացնելու համար:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Մուրադյանը նշեց, որ «Ավրորայի» հետ կազմակերպված հանդիպումը հերթականն է:

«Փաստացի, մեր ուսանողներն այս մեկ տարվա ընթացքում ճգնաժամային իրավիճակներում որոշումներ կայացնելու հսկայական փորձ ձեռքբերեցին: Համոզված եմ, որ  Նոբելյան մրցանակի դափնեկիրներ այնպիսի միջազգային կառույցների, ինչպիսին, մասնավորապես, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունն է՝ ի դեմս Քուշների հետ հանդիպումները մեր ուսանողների համար ևս մեկ խթան կհանդիսանան՝ խորապես գիտակցելու բժշկի՝ որոշումներ կայացնելու պատասխանատվությունն ու ազնվաբարո մասնագիտության տեր լինելը»,- ասաց բուհի ռեկտորը:

 «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Բեռնարդ Քուշները նշեց, որ պատիվ է համարում Հայաստանում և պետական բժշկական համալսարանում հյուրընկալվելու համար:

Loading...