Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել է, որ Ադրբեջանում պահվող հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք կարգավիճակով գերիներ են: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՄԻՊ գրասենյակից, Թաթոյանը հայտարարություն է արել՝ ի պատասխան փետրվարի 26-ին Ադրբեջանի նախագահի պնդումների: Ներկայացնում ենք ՄԻՊ հայտարարությունն ամբողջությամբ.
«Երեկ՝ 2021թ. փետրվարի 26-ին Ադրբեջանի նախագահը հայտարարել է. «Մենք հակաահաբեկչական միջոցառում իրականացրեցինք և արդյունքում 60-ից ավելի ահաբեկիչ ձերբակալվեց: Նրանց հիմա անվանում են ռազմագերի: Մենք կարծում ենք, որ դա հարցի աղավաղում է, որովհետև պատերազմի ավարտից 20 օր հետո ռազմագերի չի կարող լինել: Մենք բոլոր ռազմագերիներին վերադարձրել ենք: Մենք նրանց վերադարձրել ենք նախքան իրենք մեզ մեր գերիներին կվերադարձնեին: Իսկ այս մարդիկ ռազմագերի չեն, ահաբեկիչ են, դիվերսանտ են»:
Բոլոր զինծառայողներն Արցախում են գտնվել՝ իրենց սահմանադրական պարտականությունը կատարելու համար, նրանք Արցախում տարել են զինվորական իրավական ծառայություն:
Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է բազմաթիվ դեպքեր, երբ չնայած տեսանյութերով ու այլ ապացույցներով հաստատվող դեպքերին՝ ադրբեջանական իշխանության մարմինները մերժում են անձանց գտնվելու փաստն իրենց մոտ կամ ձգձգում են հաստատման գործընթացը:
Իրենց զինվորական իրավական ծառայությունն իրականացնելու համար նրանք չեն կարող որևէ տեսակի քրեական հետապնդման ենթարկվել կամ կալանավորվել՝ որպես պատիժ:
Այս պնդումը հատկապես բխում է 1949 թվականի Ժնևի երրորդ կոնվենցիայի պահանջներից:
Ադրբեջանական իշխանությունները նախ արհեստականորեն ձգձգում էին հայկական կողմի գերիների վերադարձը, իսկ այնուհետև սկսեցին նենգափոխել և չարաշահել իրավական գործընթացները և ուղիղ տեքստով հայտարարել, որ Ադրբեջանում պահվում են միայն «ահաբեկիչներն ու դիվերսանտները»:
Միջազգային մարդասիրական իրավունքն արգելում է նման վերաբերմունքը: Դա ակնհայտորեն պարունակում է պատերազմական հանցագործության հատկանիշներ:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը նաև հարկ է համարում հատուկ ընդգծել, որ հետպատերազմական գործընթացում մարդու իրավունքների կամ մարդասիրական հարցերը, այդ թվում՝ գերիների ազատ արձակումն ու վերադարձը պետք է ապահովվի ռազմական գործողությունների դադարից անմիջապես հետո և դրանք պետք է զերծ պահվեն քաղաքական գործընթացներից:
Այս արգելքը գործում է ցանկացած պարագայում՝ միջազգային իրավունքում, անկախ կոնկրետ հակամարտությունների վերաբերող փաստաթղթերում ամրագրված լինելուց:
Անթույլատրելի է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը մեկնաբանել այնպես, իբր դրա գործողությունը տարածվում է միայն այդ հայտարարության ստորագրումից առաջ առկա իրավիճակի վրա:
Նախ, թե՛ նոյեմբերի 9-ի հայտարարությունից առաջ, թե՛ դրանից հետո ու հիմա էլ գործ ունենք ընթացող (չավարտված) զինված հակամարտության հետ. այս կանոնն ուղղակիորեն բխում է միջազգային մարդասիրական իրավունքի պահանջներից:
Դրանից բացի, Ադրբեջանի նախագահի հայտարարությունն ուղղակիորեն հակասում է նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերի մտադրություններին ու այդ հայտարարության կիրառության պրակտիկային:
Մասնավորապես, այդ հայտարարության 8-րդ կետի պահանջի հիման վրա Հայաստանի Հանրապետությունն արդեն իսկ Ադրբեջանին է փոխանցել Արցախում հանցանքներ, այդ թվում՝ խաղաղ բնակիչների սպանություն կատարած և դատապարտված երկու անձի: Ադրբեջանը նույն սկզբունքով Հայաստանին է փոխանցել այդ երկրում ֆորմալ դատապարտված հայերի:
Հայաստանն ու Ադրբեջանը փոխանցել են նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո գերեվարված անձանց ևս:
Այնպես որ նշված հայտարարությունը պետք է կիրառվի ինչպես նոյեմբերի 9-ից առաջ, այնպես էլ դրանից հետո բոլոր իրավիճակների նկատմամբ. այնքան ժամանակ, քանի դեռ պատերազմական գործողությունների հետևանքներով պայմանավորված՝ առկա է մարդու իրավունքների պաշտպանության ու մարդասիրական գործընթացի օբյեկտիվ անհրաժեշտություն:
Ուստի, սկզբունքորեն անթույլատրելի է գերիների առկայությունը եռակողմ հայտարարության սոսկ ամսաթվով պայմանավորելը: Եվս մեկ անգամ հստակ շեշտում եմ, որ, անկախ գերեվարվելու ամսաթվից, Ադրբեջանում պահվող հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք գերիներ են իրենց կարգավիճակով:
Այս ամենը կոպտորեն խախտում է մարդասիրական գործընթացն ու մարդու իրավունքները երաշխավորող միջազգային պահանջները: Ուստի, նրանք առանց որևէ նախապայմանի պետք է ազատ արձակվեն և անվտանգ վերադարձվեն Հայաստան: