11:36   04-03-2021
Արցախում կայացել է պետական ավտոտեխնիկայի առաջին աճուրդը
Թողնել մեկնաբանություն

Արցախի կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից մարտի 3-ին կազմակերպված աճուրդում, վաճառքի ներկայացված 12 լոտից վաճառվել է 8-ը: Այս մասին տեղեկացրեց Արցախի կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի պետական գույքի կառավարման վարչությունից:

«Վաճառված լոտերի մեկնարկային ընդհանուր գինը մոտ 2 միլիոն դրամ էր, սակայն սակարկությունների արդյունքում դրանք վաճառվել են  3 միլիոն 130 հազար դրամով»,-հայտնել են պետական գույքի կառավարման վարչությունից:

Ինչ վերաբերում է պետական, բարձր դասի 9-ը ավտոմեքենաների՝ մարտի 5-ին սպասվող աճուրդին, ապա մարտի 3-ի դրությամբ՝ աճուրդին մասնակցելու 2 հայտ է ստացվել:

«Առաջիկա աճուրդում չվաճառվելու դեպքում՝ հաջորդ աճուրդների ժամանակ այդ ավտոմեքենաների գների նվազեցում կառավարության կողմից չի նախատեսվում՝ հաշվի առնելով ավոտմեքենաների բարձր դասը, տեխնիկական լավ վիճակն ու լիկվիդայնության բարձր կարգը: Չվաճառվելու դեպքում դրանք նորից աճուրդի կդրվեն նույն գնով: Նման պարագայում՝ օրենքով սահմանված կարգով, մյուս աճուրդը կայանալու է 15-20 օրից` առանց սահմանված գների փոփոխության»,-պարզաբանեցին վարչությունից՝ հավելելով,որ պետական բարձր դասի ավտոմեքենաների սպասվող աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցողները՝ կարող են դիմել Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի կայքէջերին ու պետական գույքի կառավարման վարչությանը: 

Loading...