13:28   04-03-2021
Մելքումյանը խոսեց քաղաքական ճգնաժամի և տնտեսական խնդիրների կապի մասին
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը կարևորում է քաղաքական ճգնաժամի արագ հանգուցալուծումը, որպեսզի տնտեսական խնդիրներն էլ ավելի չխորանան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

Ըստ Մելքումյանի՝ երկրում տնտեսական, ֆինանսական, սոցիալական խնդիրները գնալով խորանում են: «Բնական է, այսօր անվտանգության հարցն է շատ կարևորվում, բայց նաև չպետք է մոռանանք, որ անվտանգության բաղադրիչ է հանդիսանում նաև տնտեսական անվտանգությունը»,- նշեց պատգամավորը:

Նա հիշեցրեց, որ թե 2020-ին, թե 2021-ի հունվարին տնտեսական անկում է գրանցվել: «Իմ հաշվարկներով՝ օրական 5-7 մլն դոլար համախառն ներքին արդյունք ենք կորցնում, որովհետև բոլորը սպասողական վիճակում են, կա քաղաքական ճգնաժամ, կա տոտալ ճգնաժամ, բիզնես-ծրագրերը չեն իրականացվում: Մարդիկ սպասում են, թե ինչ է լինելու»,-ասաց Մելքումյանը:

Ըստ նրա՝ նույնիսկ եթե հայտարարվում է արտահերթ ընտրությունների անցկացման մասին, ապա մինչև այդ ընտրությունների ավարտը և նոր կառավարության ձևավորումը մարդիկ որևէ լուրջ բիզնես-ծրագիր չեն իրականացնելու. դա այդպես է ամբողջ աշխարհում: 

Loading...