13:32   05-03-2021
Մարուքյանը վստահեցնում է՝ ԼՀԿ-ն շարունակելու է փնտրել երկիրն այս վիճակից հանելու լուծումներ
Թողնել մեկնաբանություն

 Երկրում քաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու համար «Լուսավոր Հայաստանի» առաջարկն ուժի մեջ է, իսկ եթե այն դառնա ոչ արդիական, քաղաքական ուժը կփնտրի նոր լուծումներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ ճեպազրույցում վստահերեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Լուսավոր Հայաստանը» շարունակելու է փնտրել լուծումներ՝ երկիրն այս վիճակից հանելու համար: Այս պահին, մեր կարծիքով, այդ լուծումն այն առաջարկությունն է, որ մենք արել ենք: Մենք շարունակելու ենք դրա ուղղությամբ աշխատանքներ տանել: Եվ ուզում եմ քաղաքական ուժերին կոչ անել միանալ այդ առաջարկությանը, աջակցել այդ առաջարկությանը, որպեսզի այդ ճգնաժամն օր առաջ հանգուցալուծվի, և մենք բոլորս գնանք արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Այս իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են»,- ասաց Մարուքյանը:

ԼՀԿ ղեկավարն աակնկալում է, որ իրենց կմիանան նաև այլ ուժեր: «Առանց մեզ որևէ մեկը չի կարող համաձայնության գալ՝ գնալ արտահերթ ընտրության, մենք էլ չենք կարող առանց մյուսների դա անել»,- ասաց նա ու, հետևաբար, շատ տրամաբանական համարեց, որ սա մի պրոցես է, որտեղ պետք են կոնսենսուսներ, զիջումներ բոլոր կողմերից:

Անդրադառնալով հարցին, թե ակնկալո՞ւմ են, որ ԲՀԿ-ն ևս միանա իրենց առաջարկին, նա վստահեցրեց, որ լուծում են առաջարկել, գնացել են դրա հետևից, ինքը վարչապետի հետ այդ լուծման մասին մեկ ժամ խոսակցություն է ունեցել, պատրաստ է ցանկացած մեկի հետ շարունակել այդ խոսակցությունը՝ կլինի իշխող ուժի ղեկավարը, կլինեն ընդդիմադիր ուժի ղեկավարներ՝ խորհրդարանական, արտախորհրդարանական: Ինքը պատրաստ է ամեն ինչ անել, որ այս վիճակից մենք դուրս գանք: Ինքը տեսնում է, որ դրա խորացումը հղի է մեր պետականության համար անկանխատեսելի հետևանքներով:

Eթե ԲՀԿ-ն մերժի արտահերթ ընտրությունների գնալու առաջարկը, ԼՀԿ-ի համար հարցը օրակարգից դուրս կգա՞ հարցին ի պատասխան Մարուքյանն ասաց, որ իրենց համար հարցը երբեք օրակարգից դուրս չի գալու: Նա վստահեցրեց, որ եթե մերժվի, ԼՀԿ-ն ուրիշ տարբերակ կմտածի, անընդհատ տարբերակներ կմտածի, շեշտեց՝ պետք է գտնել ճանապարհներ այս վիճակից դուրս գալու համար:

«Իմ առաջարկն ուժի մեջ է: Դրա արդիականությունը չի վերացել: Օնիկ Գասպարյանը ԳՇ պետ է և դեռ շարունակում է լինել:  Չկա որևէ հրամանագիր, որ նա այլևս ԳՇ պետ չէ: Երբ առաջարկս կդառնա ոչ արդիական, ուրիշ բան պետք է մտածենք»,- եզրափակեց նա:

Loading...