11:09   07-03-2021
Եվրախորհրդարանում կոչ են արել «Հյուսիսային հոսք-2»-ը Ռուսաստանի դեմ որպես քաղաքական գործիք օգտագործել
Թողնել մեկնաբանություն

Եվրախորհրդարանի առաջատար՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը կարծում է, որ այլեւս հնարավոր չէ դադարեցնել «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարությունը, ուստի այն պետք է օգտագործվի որպես քաղաքական գործիք Մոսկվայի դեմ, որպեսզի ստիպեն նրան փոխել իր կուրսը: Այս մասին նա հայտարարել է Der Spiegel-ին տված հարցազրույցում, որը  հրապարակվել է շաբաթ օրը:

«Քանի որ այժմ գերմանական կառավարության հետ շինարարության դադարեցման հնարավոր չէ հասնել, ԵՄ-ն պետք է օգտագործի գազատարը որպես լծակ արտաքին քաղաքականության մեջ»,- մեջբերում է թերթը Վեբերի խոսքերը:

Վեբերը առաջին անգամ չէ, որ կարծիք է հայտնում այն մասին, որ նախագծի իրականացումը չի համապատասխանում «Եվրոպայի շահերին»: «Դա տնտեսական տեսանկյունից կայունացնում է Պուտինի համակարգը, որը հիմնականում գործում է ԵՄ-ի եւ նրա պետությունների դեմ»,- պնդում է գերմանացի քաղաքական գործիչը:

ԵԺԿ խմբակցության ղեկավարը կարծում է, որ գազատարի օգտագործումը «պետք է կապված լինի վերապահումների հետ եւ կախված լինի Ռուսաստանի ղեկավարության հետագա գործողություններից»: «Եթե ռուսական ղեկավարությունը չվերադառնա գործընկերային հարաբերությունների, ապա գազատարը չի կարողանա ամբողջ ուժով աշխատել»,- բացատրել է նա իր գաղափարը:

Վեբերը նաեւ կոչ է արել ԵՄ-ին միամիտ չլինել Մոսկվայի եւ այլ աշխարհաքաղաքական խաղացողների հետ հարաբերություններում, այլ ավելի վստահ գործել արտաքին քաղաքականության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Գրում է News.am -ը:

Loading...