16:44   02-05-2018
Հանրահավաքների ժամանակ քաղաքացիների ավտոմեքենաները ջարդող ոստիկաններն անձամբ են փոխհատուցելու վնասը. «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն»
Թողնել մեկնաբանություն

Քաղաքացիական անհնազանդության օրերին ցուցարարներըբողոքի ակցիայի շրջանակում նաև ավտոմեքենաներով էին փակում խաչմերուկներ ու ճանապարհներ: Կադրերը, որտեղ ոստիկանները ոտքով ու ձեռքով հարվածում էին այդ ավտոմեքենաներին կամ մի քանի հոգով փորձում այն գրկած դուրս բերել երթևեկելի հատվածից, թերևս, բոլորս ենք տեսել: Չկա օրենք, որով ոստիկանների այդ գործողությունն օրինական կհամարվի, ավելին՝ քաղաքացիների գույքը վնասելու դիմաց փոխհատուցումը պետք է ստանալ ոչ թե դատարանով, այլ հենց Ոստիկանություն դիմելով: Այդ ընթացակարգի ու քաղաքացու անձնական գույքի անձեռնմխելիության մասին է «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարի այս թողարկումը:
- Ողջույն: Լրատվական ռադիոյի եթերում աշխատանքն է սկսում «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարը: Ես Սաթեն Միքայելյանն եմ:   Տաղավարում այսօր հյուրընկալել եմ փաստաբան Վարուժան Վարդանյանին: Ողջույն:
- Ողջույն:
- Այս հաղորդաշարի առնվազն վերջին երկու թողարկումներում մենք խոսել ենք շատ արդիական թեմաներից, մասնավորապես ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության ընթացող հավաքներից, դրանց ընթացքում տեղի ունեցած օրենքի խախտումներից: Մենք նախորդ երկու հաղորդումներում խոսում էինք ոստիկանների կողմից ուժի մենաշնորհի չարաշահումների, ոստիկանական բաժիններում տեղ գտած ոչ օրինական պահվածքի մասին: Այսօր կխոսենք դարձյալ այդ օրերի (մինչև այսօր) իրադարձություններից՝ անձի անձնական գույքի եւ տվյալների անձեռնմխելիության մասին: Այս ընթացքում առանձնացրեցինք երկու կարեւոր բան. մի կողմից դարձյալ ոստիկանների պահվածքն է, երբ քաղաքացիները փողոցներն էին փակում, մեքենաները կանգնեցնում խաչմերուկների մեջտեղում: Մի դեպքում ոստիկանները ավտոքարշակով (էվակուատոր) հեռացնում էին այդ մեքենաները, 1-2 դեպք էլ գրանցվեց (տեսագրությունները կան), երբ ոստիկանները մի 10 հոգով փորձում էին «գրկած», հրելով դուրս հանել այդ մեքենաները խաչմերուկներից, ըստ էության վնասելով քաղաքացու գույքը:   Այսօր Վարուժանը կպատմի, թե օրենքն ինչ է նախատեսում, ի՞նչ փոխհատուցում կարող է լինել քաղաքացու վնասված գույքի դիմաց:
-Նախ այստեղ պետք է նկատի ունենալ մի կարեւոր առանձնահատկություն, որ մենք տեսել ենք, նաեւ հրապարակվել է, որ տեղի են ունեցել գործողություններ, որոնց արդյունքում վնաս էր պատճառվում քաղաքացիների գույքին: Բայց այստեղ կա տարբերություն. սա մասնավոր հարաբերություն չէ, այլ՝ պետության եւ քաղաքացու  միջեւ, եւ, բնականաբար, նույնիսկ օրենքներից ոչ տեղյակ մարդու մոտ հարց է առաջանում՝ արդյոք դա խախտո՞ւմ է եւ չպե՞տք է վերականգնվի: Այո, մենք տեսնում են, որ այստեղ, ըստ էության, տեղի է ունենում օրենքի խախտում: Քննարկենք կոնկրետ օրինակի վրա (անձամբ եմ տեսել ապրիլի 21-ին). Մոսկովյան-Աբովյան փողոցների խաչմերուկում մեքենա էր կանգնել եւ փակել այդ հատվածը: Ոստիկանական համազգեստով անձինք (նման դեպքերում մի քիչ դժվար է անվանել ոստիկան) ոտքերով եւ ձեռքերով հարվածում էին մեքենայի դռանը՝ վարորդի հատվածում. կադրերում երեւում է, որ մեքենայի դուռը վնասվում է, եւ, փաստորեն, պատճառվում է գույքային վնաս: Այս դեպքում ինչպե՞ս պետք է վերականգնվի իրավունքի խախտումը: Այստեղ կան առանձնահատկություններ: 1. Պետք է նկատի ունենալ, որ սա պետական մարմնի պաշտոնատար անձի կողմից կատարված գործողություն է եւ մասնավոր  հարաբերություն չէ, այլ՝ հանրային բնույթի, որովհետեւ մյուս կողմը դա պետական հանրային իշխանության սուբյեկտն է՝ ոստիկանությունը, ի դեմս իր աշխատակցի: Եթե մեր քաղաքացիները՝ վնաս կրած անձինք, ցանկանում են պաշտպանել իրենց իրավունքները, պետք է դա նկատի ունենան: Առաջին հերթին վնասի հատուցման եւ իրավունքի խախտումը վերականգնելու պահանջը պետք է ներկայացվի այն վարչական մարմնին (տվյալ դեպքում՝ ՀՀ ոստիկանությանը), որի պաշտոնատար անձի գործողությունները կամ անգործությունն առիթ են դարձել այդ վնասի: Մենք ունենք երկու օրենք. մեկը ՀՀ քաղաքացիական օրենսգիրքն է՝ ընդունված 1998թ., երկրորդը «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքն է՝ ընդունված 2004թ., որը կարգավորում է քաղաքացիների եւ վարչական մարմինների փոխհարաբերությունները:  Այդ օրենքով եթե վարչական մարմնի կամ նրա պաշտոնատար անձի գործողությունների կամ անգործության հետեւանքով քաղաքացուն վնաս է պատճառվում, ապա օրենքը հերթականություն է սահմանում. նախ այդ պահանջը պետք է ներկայացվի վարչական մարմնին, վերջինս պետք է քննի դիմումը, եւ, կախված դիմումի արդյունքներից՝ եթե ստանա մերժում, նոր անձը կարող է դիմել նաեւ դատական պաշտպանության: Միանշանակ է, որ մարդիկ ունեն դատական պաշտպանության իրավունքը եւս՝ դա ամենահիմնարար իրավունքներից մեկն է, բայց այս դեպքում օրենսդրությունը հերթականություն է սահմանում: Սա ինչ-որ առումով ունի իր իմաստը. այդ վարչական մարմինը պետք է քննի եւ գնահատի իր աշխատակցի կատարած գործողությունները: Այն նաեւ դատավարություններից խուսափելու նպատակ է հետապնդում. միգուցե վարչական մարմինը կարողանա դա շտկել, եւ իրավունքի վերականգնում տեղի ունենա: Տուժած քաղաքացիները (մենք տեսել ենք դեպքերը, հրապարակումները կան) ոստիկանության աշխատակիցների ապօրինի գործողությունների հետ կապված կարող են դիմել ոստիկանություն:
- Ներեցեք, Դուք օգտագործում եք  «անգործություն» բառը, բայց արդյոք այստեղ միտումնավոր գույքի փչացումը չէ՞:
- Ես ուղղակի ընդհանուր օրենքի ձեւակերպումները նշեցի, բայց այս դեպքում վնասի պատճառումը տեղի է ունեցել կոնկրետ գործողությամբ: «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում կա այսպիսի հասկացություն. «Վարչարարությունը դա վարչական մարմինների արտաքին ներգործություն ունեցող գործունեությունն է, որի արդյունքում ընդունվում է որեւէ վարչական ակտ, որոշում, որն առաջացնում է իրավական կամ փաստացի իրավական հետեւանքներ կամ որի արդյունքում կատարվում են որոշակի գործողություններ կամ անգործություններ, որոնք առաջացնում են փաստական կամ իրավական հետեւանքներ քաղաքացիների համար»: Տվյալ դեպքում եղել է վարչարարություն, որովհետեւ կային վարչարարական մարմնի ներկայացուցիչներ՝ ոստիկաններ: Ռադիոլսողների եւ ռադիոդիտողների համար պարզաբանեմ, որ միեւնույն ժամանակ օրենքը տարանջատում է երկու տիպի վարչարարություն՝ իրավաչափ եւ ոչ իրավաչափ, որոնց դեպքում կարգավորումներն իրարից մի փոքր տարբեր  են: Այս դեպքում մենք գործ ունենք ոչ իրավաչափ վարչարարության հետ, եւ ես այս վարչարարության մասին էի խոսում, երբ նշեցի, որ վնասի հատուցման պահանջով կարելի է դիմել ոստիկանություն: Ակնհայտ է, որ իրենք դուրս են եկել իրենց լիազորությունների սահմաններից, եւ դա համարվում է ոչ իրավաչափ: Եթե իրենք գտնում էին, որ այդտեղ կա որոշակի իրավախախտում, ապա ոստիկանը, որպես ոստիկանության ներկայացուցիչ, օրենքի պահապան է եւ իրավունք չունի օրենքը խախտելու, եւ այդտեղ չկար որեւէ ծայրահեղ անհրաժեշտ իրավիճակ (օրինակի համար, պետք է դուռը ջարդել եւ մեկին փրկել), ուղղակի կար մեքենա, որը կանգնել եւ փակել էր փողոցի  մի որոշակի հատվածը: Ոստիկանության աշխատակիցները, որպես վարչարարական մարմնի ներկայացուցիչներ, այդ պահին փորձում են վարչարարություն իրականացնել: Եթե գտնում են, որ կա իրավախախտում, ապա պարտավոր են օրենքի սահմաններում ֆիքսել, թե ինչ իրավախախտում կա, արձանագրություն կազմել եւ ընթացք տալ:
- Կամ գուցե տարհանման մեքենա օգտագործեն, ինչպես մյուս դեպքերում:
-Այո, միգուցե այնպիսի գործողություններ անեն, որ օրենքի սահմաններում են եւ չեն վնասում քաղաքացու գույքը: Այս դեպքում կարող ենք փաստել, որ սա ոչ իրավաչափ վարչարարություն է, եւ ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնաս: Կարեւոր է իմանալ, որ վնասի հատուցման համար միաժամանակ պետք է գոյություն ունենան մի քանի պայմաններ: Պայմաններից մեկն այն է, որ պետք է լինի որոշակի ոչ իրավաչափ գործողություն, որով վնասը պատճառվել է (տեսագրությունը կա, մենք տեսնում ենք, որ իրենք լիազորություններից դուրս են եկել, եւ տեղի է ունենում ոչ իրավաչափ վարչարարություն): Երկրորդ պայմանն այն է, որ պետք է առկա լինի վնաս, դա եւս տեսել ենք (եթե քննարկենք կոնկրետ այդ մի օրինակով): Հաջորդ պայմանը դա պատճառահետեւանքային կապն է, որ պետք է կատարված գործողության եւ առաջացած հետեւանքի՝ վնասի միջեւ առկա լինի պատճառահետեւանքային կապ: Եթե որեւէ քաղաքացի դիմի իր դեպքի մասով, ապա վերջում համապատասխան մարմինն է քննելու եւ եզրակացություն տալու, բայց այդ կադրերը տեսնելով ես միանշանակ կարող եմ ասել, որ այդտեղ պատճառահետեւանքային կապը, ապօրինի գործողությունը եւ հետեւանքն առկա են: Այնտեղ կա նաեւ մեղքի էլէմէնտը, որ այդ գործողությունը կատարելիս պետք է հասկանալ իր գործողությունների հետեւանքը, իրավական նշանակությունը: Բայց այս դեպքում մեղքը կարող է մղվել 2-րդ պլան, որովհետեւ ոստիկանության աշխատակիցը հանդես է գալիս ոստիկանության անունից, այստեղ ոստիկանության վարչարարության խնդիր է, եւ օրենքը ոստիկանության դեմ է սահմանել պահանջ, որ պետք է ոստիկանությանը պահանջ ներկայացվի: Եվ այստեղ մեղքի ֆենոմենը մի փոքր գնում է 2-րդ պլան, եւ կարեւորը, որ ոստիկանության ծառայողը ոչ իրավաչափ վարչարարություն է իրականացրել ոստիկանության անունից:
- Ամփոփենք այս հատվածը. եթե քաղաքացիներն ուզում են պատճառված վնասի համար փոխհատուցում ստանալ, պետք է դիմեն ոստիկանություն: Ոստիկանությունն էլ պետք է քննություն  անցկացնի եւ անհատաապես պատժի ոստիկաններին:
- Նախ դիմումի քննության ընթացքն ասեմ.  «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ այդպիսի դիմումների վրա տարածվում են դիմում ներկայացնելու եւ դիմումի քննության ընդհանուր կանոնները: Հայաստանում վարչական մարմինների համար դիմումների քննության  ժամկետը սահմանված է 30 օր: Քաղաքացիները պետք է վնասը վերականգնելու եւ անօրինական գործողության պատճառով առաջացած հետեւանքները վերացնելու պահանջով դիմում ներկայացնեն ոստիկանություն: Եթե դիմումը բավարարվում է, ապա օրենքը  սահմանել է երկու եղանակ. 1-ին՝ վնասը հատուցել բնեղենով (վերանորոգել, վերականգնել նախկին վիճակը), 2-րդ՝ դրամական միջոցներով: Սովորական պայմաններում, եթե քաղաքացուն վնաս է պատճառվում, կարգավորումը մի փոքր այլ է, որոշվում է դատարանում:  Այս դեպքում դարձյալ օրենքը, ինչ-որ տեղ նաեւ պաշտպանելով պետական մարմնին, հաշվի առնելով նրա առանձնահատկությունները, սահմանել է հերթականություն. սկզբում պետք է պարզել, եթե հնարավոր է՝ բնեղենով վերականգնել, եթե՝ ոչ, նոր  միայն դրամական միջոցներով: Այստեղ մեր քաղաքացիները պետք է նկատի ունենան, որ պետք է այնպիսի իրավիճակ լինի, որ եթե վաղը, մյուս օրը իրենք դիմեն, ապա իրենց պատասխան չտան, որ ձեր մեղքով է, որ հնարավոր չէ դրամական միջոցներով վերականգնել վնասը: Եթե իրենք դրամական փոխհատուցում ուզեն, գնահատեն, բայց մինչեւ դիմումի քննությունը իրենց միջոցներով վերականգնեն, դա կարող է առաջացնել իրավական ռիսկեր: Այնտեղ նախապայմանն այսպես է, կրկնեմ. «Վարչական մարմինը վերացնում է հետեւանքները: Միայն այն դեպքում, երբ անհնար է հետեւանքները վերացնել առանց դրամական միջոցների վճարման, ապա վնասը գնահատվում է դրամական միջոցներով»: Վճարումը կատարվում է պետբյուջեից, տուժում է պետությունը: Այստեղ մի առանձնահատկություն կա, որ հետո պետությունն իրավունք ունի իր աշխատակցի դեմ անձնական պատասխանատվության ռեգրեսիվ պահանջ ներկայացնել: Ես նշեցի, որ 2004 թվականից մենք ունենք այդ առանձնահատկությունները կարգավորող օրենքը, բայց այս նորմերը շատ քիչ են կիրառվել: Պետք է այնպես լինի, որ սկսեն կիրառել ավելի շատ, քաղաքացիները հետեւողական լինեն, եւ պրակտիկան հասնի նրան, որ հետադարձ պահանջներ ներկայացվեն այդ աշխատակիցների, ծառայողների դեմ, որպեսզի դա ունենա կանխարգելիչ հետեւանք, նրանք եւս իրենց վրա զգան ֆինանսական հետեւանքները:
- Հիմա մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին տեղեկացնեմ, որ մենք ձայնագրությունը կատարում ենք այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը, որպես վարչապետի միակ թեկնածու, ելույթ է ունենում ԱԺ-ում, եւ ընտրությունը դեռ չի կատարվել: Ենթադրենք Նիկոլ Փաշինյանն ընտրվում է վարչապետ, մենք ունենում ենք նոր իշխանություն (ես այս հարցը Ձեզ նախազրույցում էլ եմ տվել), կազուս չի՞ առաջանում այստեղ. ոստիկաններն այն ժամանակ գործել են իշխանության անունից, իսկ հիմա քո մեքենային պատճառված վնասի համար փոխհատուցում ես ուզում փոխված իշխանությունից, որին պաշտպանելու համար էր քո մեքենան այնտեղ կանգնած:
- Առաջին հայացքից հետաքրքիր իրավիճակ է առաջանում. մի դեպքում իշխանությունը ղեկավարվում էր այլ անձի կողմից, իսկ այս դեպքում կարող է այնպես ստացվել, որ կառավարվի այն անձի կողմից, ի պաշտպանություն ում քաղաքացիները դուրս էին եկել փողոց: Բայց սա իրավական առումով որեւէ խնդիր չի ստեղծում, որովհետեւ օրենքը (Քաղաքացիական օրենսգրքից սկսած) սահմանում է, որ պետության կամ տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնատար անձի պատճառած վնասի հատուցումը կատարում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը: Այստեղ սուբյեկտը  ոչ թե անձամբ Նիկոլ Փաշինյանն է, այլ՝ Հայաստանի Հանրապետությունը, որը դարձյալ համարվում է իրավահարաբերությունների սուբյեկտ, եւ քաղաքացին միշտ էլ իրավունք ունի իր պահանջը՝ ի դեմս ոստիկանության, ներկայացնել Հայաստանի Հանրապատությանը: Կարծում եմ այստեղ որեւէ կազուս, իրավական խոչընդոտ չկա: Բայց միանշանակ հետաքրքիր իրավիճակ է, եւ միգուցե դա եւս ունենա կանխարգելիչ ազդեցություն, որ հատուցվի եւ ռեգրեսիվ պահանջներ ներկայացվի նաեւ ոստիկանության այն ծառայողների նկատմաբ, ովքեր ոտքով կամ ձեռքով (մենք դա տեսանք) հարվածում էին քաղաքացու մեքենային, եւ այդ ռեգրեսիվ պահանջի արդյունքում նաեւ պետության կրած կորուստն էլ վերականգնվի: Բայց իրավայան առումով խոչընդոտ չեմ տեսնում:
- Մի թեմայի էլ անպայման անդրադառնանք: Քանի որ այսօր խոսում ենք անձի անձեռնմխելիության  (վերաբերվում է նաեւ անձնական տվյալներին)  մասին, ապա անդրադառնանք վերջին օրերին տեղի ունեցած մի երեւույթի: Գիտենք, որ այս օրերին սոցիալական կայքերում սկսեցին տարածվել ՀՀԿ պատգամավորների հեռախոսահամարները, որոնց մարդիկ ուղղակի ոչ պատշաճ հաղորդագրություններ էին ուղարկում: Այս խնդրին արձագանքեց նաեւ ՄԻՊ-ը, որի հաղորդագրությունից մեջբերում կատարեմ. «Մարդու իրավունքների երաշխավորման տեսանկյունից ցանկացած պարագայում կարեւոր է մարդկային արժանապատվության ու անձնական կյանքի գաղտնիության լիարժեք պաշտպանությունը», որն ամրագրված է նաեւ օրենքով: Այս առումով մտահոգիչ է, օրինակ, ԱԺ պատգամավորների անձնական կյանքին վերաբերող տվյալների, այդ թվում՝ անձնական հեռախոսահամարների խմբային հրապարակումները: Դիտարկումը վկայում է, որ սոցիալական մեդայի այն տիրույթներում, որոնցում հրապարակվել են այդ հեռախոսահամարները, ակնհայտ է ծաղրանքը, վիրավորանքն ու ատելության խոսքը: Ակնհայտ է, որ սա անհանդուրժողականության մթնոլորտի խորացմանը նպաստող գործոն է: Սոցիալական մեդիան մի քիչ դժվար է կառավարել, հատկապես, որ այդ համարները տարածողները  1-2 հոգի չեն: Ի՞նչ խնդիր եւ պատասխանատվության բաժին կա այստեղ:
- Քանի որ Դուք հիշատակեցիք ՄԻՊ-ին, հարցին պատասխանելուց առաջ մեր քաղաքացիներին պարզաբանեմ պաշտպանության այլ եղանակները: Մենք նշեցինք ոստիկանություն դիմելը, բայց նրանք պատճառված վնասների համար կարող են դիմել նաեւ ՄԻՊ-ին: ՄԻՊ-ը եւս այն սուբյեկտն է, որը հետեւում է պետական եւ տեղական մարմինների կողմից օրենքների պահպանմանը, եւ նրա առաջին ու գլխավոր առաքելությունը սա է: Քաղաքացիներն իրավունք ունեն դեպքը կատարվելուց հետո մեկ տարվա ընթացքում դիմել նաեւ ՄԻՊ-ին, որն իրավասություն ունի խախտումների առկայության վերաբերյալ որոշում կայացնել: Կարող են նաեւ 3 տարվա ժամկետում դիմել ոստիկանություն, մերժումից հետո իրավունք ունեն դիմել վարչական դատարան՝ գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու եւ հետեւանքները վերացնելու պահանջով: Ինչ վերաբերում է ԱԺ պատգամավորների տվյալների հրապարակմանը, պետք է նկատի ունենանք, թե պատգամավորն ինչ սուբյեկտ է, արդյոք այն հավասար պաշտպանվածության շեմն ունի՞ (անձնական տվյալների մասով), ինչ սովորական քաղաքացին: Պետք է դիտարկենք նաեւ, թե այդ տվյալները հրապարակելիս ասվե՞լ է, որ վիրավորանքներ ու ծաղրանքներ պետք է ուղարկվի, թե՞ ուղղակի հրապարակվել է, որ մարդիկ կարողանան կապ հաստատել իրենց պատգամավորների հետ: Քննարկենք նախ այն հարցը, թե դա որքանով է անձնական տվյալ եւ գաղտնի: Պատգամավորն ունի առանձնահատուկ կարգավիճակ, նա սահմանադրական սուբյեկտ է եւ քաղաքացիների ներկայացուցիչը, եւ այս տեսակետից տրամաբանական է, որ քաղաքացին  պետք է հնարավորություն ունենա որեւէ ձեւով հաղորդակցվել իր ներկայացուցչի հետ: Ես լրացուցիչ հետազոտություններ եմ անցկացրել եւ հետաքրքիր նրբություններ բացահայտել. նախ պետք է հասկանանք, թե որոնք են անձնական տվյալները: Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենք ունենք, որտեղ ներառվում են անուն, ազգանուն, հայրանուն, բնակության, հաշվառման հասցե: Հեռախոսահամարը եւս կարող է դիտվել որպես անձնական տվյալ, բայց մի հետաքրքիր տեղեկություն փոխանցեմ մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, պատգամավորների վերաբերյալ մի շարք տեղեկություններ կան, որ ԿԸՀ պաշտոնական կայքում արդեն իսկ հրապարակված են առանձին կուսակցությունների  եւ խմբակցությունների մասով: Ենթադրենք ես ծանոթացել եմ ՀՀԿ թեկնածուների ցանկին, այնտեղ` elections.am կայքում Excel ֆայլով տեղադրված է թեկնածուների ցանկը, որտեղ կա կուսակցության բոլոր պատգամավորների անուն, ազգանուն, հայրանուն, բնակության հասցե (սա եւս ներառվում է անձնական տվյալների մեջ):
- Ուրեմն առաջինը օրենք խախտողը հենց elections.am-ն է, որովհետեւ այնտեղ բոլորիս տվյալները կան:
- Իրավացի եք, կայքում կան նաեւ քաղաքացիների տվյալները՝ անուն, ազգանուն, անձնագրի տվյալ (պատգամավորների դեպքում նաեւ անձնագրի համարը եւ սերիան), բնակության հասցեն: Սա, իհարկե, վիճելի հարց է, ես չեմ ասում, որ դա միանշանակ պետք է բաց ինֆորմացիա լինի, բայց պետք է նկատի ունենանք, որ պատգամավորների դեպքում կան առանձնահատկություններ. տրամաբանական է, որ քաղաքացիները պետք է հաղորդակցվելու հնարավորություն ունենան: Ի դեպ, այդ ցանկի մեջ կային անուններ, որոնց դեպքում նշված էր նաեւ բնակության հասցեն: Մեր ԱԺ պաշտոնական կայքում (parlament.am) տեղադրված են նաեւ մեր պատգամավորների էլէկտրոնային փոստերի հասցեները (ես անձամբ ստուգել եմ), բայց հեռախոսահամար (նույնիսկ գրասենյակային) չկա, քաղաքացին ինչպե՞ս կարող է կապ հաստատել իր պատգամավորի հետ: Կա միայն հանձնաժողովների նախագահների, խմբակցությունների ղեկավարների աշխատանքային հեռախոսահամարները. կա մի խողովակ, որով քաղաքացին կարող է կապվել, բայց, ինչ-որ առումով, կան սահմանափակումներ: Պաշտոնական տեղեկագրերում կան կուսակցությունների մասին տեղեկատվություն, բայց հետաքրքիրն այն է, որ բոլոր պատգամավորների էլեկտրոնային փոստի հասցեները զետեղված են: Հիմա ուրիշ հարց է առաջանում՝ էլէկտրոնային փոստի հասցեն էլ է կապի միջոց:
- Բայց դրանք անձնական չեն, աշխատանքային են, եթե չեմ սխալվում՝ անունը@parliament.am:
- Այո, parliament.am սերվերով են, որքան ես հասցրել եմ նայել, բայց ամեն դեպքում դա կապի միջոց է, այդ անձը ստուգում է նամակները: Մինչեւ այժմ մենք նման տվյալ չենք լսել, որ կան աշխատանքային եւ ոչ աշխատանքային հեռախոսահամարներ, եւ պատգամավորները, ենթադրում եմ, աշխատանքային հարցերով եւս այդ համարներին են զանգեր ստանում: Այս առումով օրենքում որոշակի կոնկրետ կարգավորում չկա, որպեսզի ես ասեմ, որ դա անձնական, գաղտնի չէ եւ կարելի է հրապարակել: Բայց միեւնույն ժամանակ չկա նաեւ կարգավորում, որ դա միանշանակ գաղտնի է, եւ այդ հրապարակումը եղել է օրենքի խախտում, հաշվի առնելով այն սկզբունքը, որ քաղաքացին պետք է հնարավորություն ունենա իր պատգամավորի հետ հաղորդակցվելու: Այս դեպքում չեմ կարող ասել, թե այս զուտ տեղեկությունները, հեռախոսահամարներ հրապարակելը կարող է առաջացնել պատասխանատվություն: Այլ հարց է, որ դրանք բերել են որոշակի անցանկալի հետեւանքների. Եթե եղել է դեպք, որ վիրավորանք, ծաղրանք է գնացել, դա եւս օրենքի խախտում է, քանի որ քաղաքացին եւս պարտավոր է հարգել այլոց, այդ թվում՝ պատգամավորի, իրավունքները: Այստեղ դիտավորությունն էլ է շատ կարեւոր. եթե դա արվել է ուղղակի նրա անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու նպատակով, դա ուրիշ է, բայց այստեղ մոտիվները տարբեր են եղել: Մոտիվը, որքանով ես եմ տեղյակ, եղել է. «քաղաքացիներ, եթե ուզում եք հաղորդակցվել ձեր պատգամավորների հետ, իրենց ձեր խնդրանքն ուղղել, ահա իրենց կոնտակտային տվյալները»: Նույն հաջողությամբ կարող էին եւ էլեկտրոնային փոստի հասցեները հրապարակվել, որի վրա էլ կարող էր գնալ խնդրանք, վիրավորանք կամ ծաղրանք: Հրապարակումն ինքն էլ, մոտիվները հաշվի առնելով, համակցության մեջ չի կարող առաջացնել պատասխանատվություն, բայց հետո արդեն անձն է պատասխանատու իր արարքի հետեւանքի համար: Ես կարող եմ մեջբերել այլ երկրների պրակտիկա. կան երկրներ, որոնք օրենսդրությամբ նախատեսում են պատգամավորների հետ հաղորդակցվելու պարտադիր պարտականություն, այսինքն՝ պատգամավորի համար, ով անընդհատ պետք է կապի մեջ լինի իր ընտրողների հետ, պատգամավորական մանդատների տարբեր ձեւեր կան աշխարհում: Հայաստանում այդ մոդելը դեռ ամբողջությամբ ներդրված չէ օրենսդրական մակարդակով, բայց միանշանակ է, որ պատգամավորը դա այլ սուբյեկտ է: Սահմանադրությունը պահանջում  է, որ մեկը մյուսին փոխադարձ հարգեն:
- Շնորհակալություն հրավերն ընդունելու համար: Այս թողարկման համար այսքանն էր, հարգելի ռադիոլսողներ ու ռադիոդիտողներ: Ինչպես նշեցինք, երկկողմանի ու ցանկացած հարաբերությունում քաղաքակրթության սահմանն անցնել պետք չէ, դա վերաբերում է բոլոր կողմերին: Այսքանն էր: Դուք լսում կամ դիտում էիք «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարը: Տաղավարում այսօր հյուրընկալել էի փաստաբան Վարուժան Վարդանյանին: Իսկ ես Սաթեն Միքայելյանն եմ: Կհանդիպենք:

Loading...