Քանդակագործ Արա Սարգսյանի ծննդյան 119-ամյակի առթիվ Հայաստանի նկարիչների միության առաջին հարկի ցուցասրահն անվանակոչվեց նրա անունով:«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում միության նախագահ Սուրեն Սաֆարյանն ասաց, որ Արա Սարգսյանը հրաշալի քանդակագործ էր, մեծ հայ, որը ծանր ժամանակներում ապրելով Հայաստանում՝ չի չարացել, այլ լցվել է սիրով, արվեստով և իր համախոհների, ընկերների շնորհիվ հիմնել է Հայաստանի նկարիչների միությունը, Գեղարվեստի ինստիտուտը: «Նա կարողացավ արարել, կրթել սերունդներ: Իմ պապիկը կրթվել է նրա դասավանդմամբ, նրա ուսմունքով: Մեր ընտանիքները շատ մտերիմ են եղել»,-նշեց նա:
Սուրեն Սաֆարյանի տատիկը պատմել է, որ ամեն անգամ, երբ Արա Սարգսյանը հայտնվել է ինչ-որ վայրում, միջավայրում, բոլորը սպունգի պես նրանից վերցրել են դրականը: «Արա Սարգսյանը ոչ միայն հանճարեղ քանդակագործ էր, այլև հասարակական գործիչ: Մենք չենք կարող չհիշել «Նեմեսիս»-ը, որի ակնառու մասնակիցներից էր Սարգսյանը: Տատս պատմում էր, որ նա միակ մասնակիցն էր, որի անվան միայն առաջին տառերն են գրվել: Սարգսյանը մշակույթի գործիչ էր, և նրա ընկերները չէին ցանկանում վտանգել Սարգսյանին»,-շեշտեց միության նախագահը:
Սուրեն Սաֆարյանը մեծ պատիվ է համարում այն, որ ապրիլի 7-ին՝ Արա Սարգսյանի ծննդյան օրը, Նկարիչների միության առաջին հարկն անվանակոչվում է մեծն արվեստագետի անունով: Սաֆարյանը նշեց, որ մտադրված են այդ սրահում հետաքրքիր ցուցադրություններ կազմակերպել, ինչպես նաև աջակցել Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանի վերանորոգման հարցում: