12:57   10-04-2021
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Մարաղայի հայկական բնակչության կոտորածների տարելիցի կապակցությամբ
Թողնել մեկնաբանություն

Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Մարաղա ավանի հայկական բնակչության կոտորածների տարելիցի կապակցությամբ: «Արմենպրես»-ը ներկայացնում է Արցախի ԱԳՆ-ի հայտարարությունը. 

«29 տարի առաջ՝ 1992 թ. ապրիլի 10-ին, Ադրբեջանի զինված ուժերն իրականացրել են Արցախի Հանրապետության Մարաղա ավանի բնակչության ցեղասպանություն։

Ադրբեջանական զորքերը, ներխուժելով Մարաղա, դաժանաբար սպանեցին և կտտանքների ենթարկեցին տեղի խաղաղ բնակչությանը, այդ թվում՝ կանանց, երեխաներին և ծերերին։ Ադրբեջանցի զինծառայողները 45 հոգու գլխատեցին, որոշներին վառեցին, ավելի քան 100 կանանց և երեխաների գերեվարեցին։

Ոճրագործներն արժանացան պետական բարձր պարգևների, իսկ նրանց հրամանատարը՝ Ադրբեջանի Ազգային հերոսի կոչման, ինչը փաստում է, որ Ադրբեջանում հայատյաց և ցեղասպան քաղաքականությունը խրախուսվում է ամենաբարձր պետական  մակարդակով:

Մարաղայի դեպքերը դարձան մինչ այդ Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ կանոնավոր ու համակարգված հետապնդումների և ցեղասպան գործողությունների տրամաբանական շարունակությունը։

Մարդկության դեմ ուղղված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն։ Հանցագործները պետք է ենթարկվեն պատասխանատվության և պատժվեն»։

Loading...