10:21   20-04-2021
ԱՄՆ-ը ողջունել է Վրաստանում քաղաքական ճգնաժամից դուրս գալու վերաբերյալ համաձայնագրի ընդունումը
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ-ը ողջունել է Վրաստանում քաղաքական ճգնաժամից դուրս գալու վերաբերյալ համաձայնագրի ստորագրումն իշխանության և ընդդիմության միջև։ Այս մասին Twitter-ում հայտնել է Պետդեպարտամենտի մամլո խոսնակ Նեդ Փրայսը։

«Մենք ողջունում ենք Վրաստանում համաձայնագրի ընդունումը։ Բարի կամքի այդ դրսևորումն իրենից ներկայացնում է Վրաստանի ժողովրդավարական զարգացման համար կարևոր գործընթաց։ Մենք հանձնառու ենք՝ օգնելու Վրաստանին անել այնպես, որպեսզի այդ համաձայնագիրը հասնի իր նպատակներին»,-գրել է նա։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը համաձայնագիրն առաջարկել էր ապրիլի 18-ին։ Համաձայն այդ առաջարկի՝ եթե իշխող կուսակցությունն աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրություններում հավաքի 43 տոկոսից պակաս ձայներ, ապա 2022 թվականին կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Բացի այդ, նախատեսվում է համաներման հայտարարում բոլոր այն անձանց համար, ովքեր անցնում են 2019 թվականի հունիսի հանրահավաքին տեղի ունեցած անկարգություների գործով։ Այդ գործով է անցնում «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Նիկա Մելիան։ Փաստաթղթում նշվում է նաև ընդդիմության կողմնակից Գեորգի Ռուռուայի ազատ արձակման մասին, ով ձերբակալվել էր 2019 թվականի նոյեմբերին՝ զենքի ապօրինի կրման համար, ինչպես նաև ընտրական և դատական ոլորտներում մասշտաբային բարեփոխումների մասին։

Գրում է Shantnews.am -ը:

Loading...