Լոնդոնի գործող քաղաքապետ, Լեյբորիստական կուսակցության թեկնածու Սադիկ Խանը երկրորդ անգամ հաղթել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի ղեկավարի ընտրություններում: Այսպիսով, 51-ամյա քաղաքական գործիչը, ով 2016-ին առաջին անգամ դարձել էր Լոնդոնի քաղաքապետ, կմնա այս պաշտոնում ևս երեք տարի:
«Շնորհակալություն: Ինձ համար պատիվ է ևս երեք տարի ծառայել իմ սիրելի քաղաքին», – գրել է քաղաքական գործիչը Twitter- ում:
Սադիկ Խանը հավաքել է 55․2 տոկոս ձայն, իսկ նրա մրցակից Շոն Բեյլին՝ 44․8 տոկոս, հայտնում է The Guardian-ը։
2016-ին Սադիկ Խանը դարձել է առաջին մահմեդականը, որը գլխավորել է եվրոպական մայրաքաղաքի քաղաքապետարանը: Նա պատասխանատու է քաղաքային տրանսպորտի, ոստիկանության, քաղաքաշինության, բնակարանաշինության և շրջակա միջավայրի պահպանության համար:
Հիշեցնենք, որ քաղաքապետից բացի, Լոնդոնում ընտրել են քաղաքային օրենսդիր ժողովի 25 անդամի։ Քվեարկությունը պետք է կայանար անցած տարվա մայիսի 7-ին, սակայն պանդեմիայի պատճառով հետաձգվել էր։
Լոնդոնի քաղաքապետի հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի մայիսին:
Գրում է Shantnews.am -ը: