11:36   14-06-2021
Image Description
Բայդեն-Էրդողան հանդիպման նախօրեին Անկարան հայտարարում է Ս-400-ի խնդիրը «լուծելու հնարավորության» մասին
Թողնել մեկնաբանություն

«Ռուսական Ս-400 հրթիռային համակարգերի հարցի շուրջ լուծում գտնելը «միշտ հնարավոր է»,-հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ հաստատելով, որ Թուրքիան պատրաստ է հաշվի առնել իրենց գործընկեների մտահոգություններն այդ համակարգերի առնչությամբ:

«Միշտ կարելի է խելամիտ լուծում գտնել: ՆԱՏՕ-ում Թուրքիայի ներդրումն ու Թուրքիայի հետ ՆԱՏՕ-ի համագործակցությունը շատ ավելի խորն է եւ բազմակողմանի, քան F-35-ն ու Ս-400-ը»,-ասել է Աքարը, հաղորդում է Bloomberg HT Turkish-ը:

Թուրքիայի կողմից 2019 թվականի հուլիսին Ս-400-ը ձեռքբերելն առաջացրել է լուրջ լարվածություն Վաշինգտոնի հետ հարաբերություններում, որը համարում է, որ զենիթահրթիռային համակարգերն անհամատեղելի են ՆԱՏՕ-ի տեխնոլոգիաների հետ եւ սպառնալիք են ներկայացնում միության համար: Ի պատասխան՝ Միացյալ Նահանգները բացառել են թուրքական Ռազմաօդային ուժերին F-35 հարվածային կործանիչների արտադրության ծրագրերից եւ կասեցրել թուրքական ընկերությունների մասնակցությունն ինքնաթիռների համար մասերի արտադրության գործում, ինչպես նաեւ պատժամիջոցներ են սահմանել Թուրքիայի նկատմամբ:

«Համակարգերը ձեռքբերելիս Թուրքիայի գլխավոր նպատակն էր մեր երկրի եւ մեր 84 միլիոն քաղաքացիների պաշտպանությունը ցանկացած օդային սպառնալիքից»,-հայտարարել է Աքարը:

Loading...