14:53   14-06-2021
Image Description
Մարզային ենթակառուցվածքների զարգացումը՝ ուշադրության կենտրոնում. Կարեն Գիլոյանն այցելել է Սյունիքի մարզ
Թողնել մեկնաբանություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը երկօրյա աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ՝ ծանոթանալու մարզի համայնքների սպորտային ներուժին և ներկա գտնվելու Մալոյան եղբայրների (Լիպարիտ և Մանվել) անվան աթլետիկայի միջազգային 5-րդ հուշամրցաշարին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն այցելել է Կապանի մարզադպրոցներ, Քաջարանի համալիր մանկապատանեկան մարզադպրոց ու նրա՝ Ագարակի մասնաճյուղ: Կարեն Գիլոյանը ծանոթացել է մարզական ենթակառուցվածքների պայմաններին, խնդիրներին, մարզիչների հետ քննարկել նրանց հուզող հարցերը, ներկայացրել ԿԳՄՍ նախարարության՝ ոլորտի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները և հավաստիացրել, որ կձեռնարկվեն անհրաժեշտ քայլերը արձանագրած խնդիրները հնարավորինս սեղմ ժամկետներում լուծելու համար:

Տարվա երիտասարդական մայրաքաղաք Կապանի քաղաքային մարզադաշտում ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է Մալոյան եղբայրների անվան աթլետիկայի միջազգային 5-րդ հուշամրցաշարին, որը կազմակերպել է Սյունիքի աթլետիկայի ֆեդերացիան՝ Կապանի համայնքապետարանի աջակցությամբ։ Հանրապետության քաղաքներից ու Արցախից ժամանած աթլետները մրցել են հեռացատկ և եռացատկ մրցաձևերում։

Կարեն Գիլոյանը, ողջունելով մրցաշարի կազմակերպիչներին և մասնակիցներին, խոսել է նմանօրինակ մրցումների կարևորությունից. «Հենց այսպիսի մրցաշարերն են տրամադրում ապագա հաղթանակների: Պետք է մշտապես հիշել սպորտի զարգացման գործում ներդրում ունեցող երախտավորներին և կրկնել նրանց գրանցած հաջողությունները: Կապանը հրաշալի մարզական ավանդույթներ ունի: Վստահ եմ, որ նմանատիպ մրցումները կնպաստեն հետագա վառ հաղթանակներին»: 

Loading...