14:57   14-06-2021
Image Description
«Լուսավոր Հայաստան»-ը մինչ ճանապարհների ապաշրջափակումը կարևոր է համարում օրենսդրական փոփոխությունը
Թողնել մեկնաբանություն

 «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Հայաստանի ապաշրջափակմանն այլընտրանք չի տեսնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը նշեց, որ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը գնում են ապաշրջափակման:

«Դա նշանակում է, որ բոլորը բացում են սահմանները և բոլորն օգտվում են բոլորի ճանապարհներից: Սուվերեն տարածք, միջանցք բացառված է, չպետք է տրվի: Դրանից բացի, մենք կարծում ենք, որ մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությունն ամբողջությամբ չվերանայվի ու չհարմարեցվի սահմանների բացմանը, չի կարելի գնալ նաև դրան: Չպետք է Թուրքիայի, Ադրբեջանի քաղաքացին միջնորդավորված կամ ուղղակիորեն կարողանա Հայաստանում գույք, հող, արժեթղթեր, ցանկացած այլ բան գնել, որը կարող է մեր ազգային անվտանգության շահերին վնաս հասցնել»,-ասաց Էդմոն Մարուքյանն՝ ընդգծելով, որ այդ հարցի հետ կապված Հայաստանն իր օրենսդրությունը պետք է ամբողջությամբ վերանայի, ինչը չի արվել նախկինում ու չի արվում հիմա: Այդ աշխատանքներն անելուց հետո, ըստ Էդմոն Մարուքյանի, երբ կլինեն սահմանների ապաշրջափակման բանակցությունները, այդ ժամանակ էլ մեր երկիրը պատրաստ կլինի:

«Սահմանները բացելուն այլընտրանք գոյություն չունի: Հայաստանը միշտ էլ կողմ է եղել սահմաններն առանց նախապայմանների բացելուն: Թեպետ ասեմ, որ Հայաստանի կողմ լինելը եղել է պարզապես հայտարարություն, որովհետև տարիներ շարունակ որևէ գործ չի արվել, որ մեր օրենսդրությունը համապատասխանեցվի իրավիճակին»,-հավելեց Էդմոն Մարուքյանը:

Loading...