16:04   14-06-2021
Image Description
Արժանապատիվ խաղաղություն ՀՀ-ում. Ռոբերտ Քոչարյանը նախընտրական ծրագիրը ներկայացրեց էջմիածինցիներին
Թողնել մեկնաբանություն

«Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում բնակիչների հետ հանդիպմանը նշեց, որ իրենց քաղաքական թիմն ունակ է և կարող է վերականգնել երկրի կառավարելիությունը:

«Ժամացույցի պես աշխատող պետական կառավարման համակարգը պետք է աննկատ լինի: Կառավարության արած գործը ժողովրդի կյանքում ամեն օր պետք է նկատելի լինի: Մենք ասում ենք՝ սա այն քաղաքական թիմն է, որը պատրաստ է այս գահավիժումը կանգնեցնել, վերականգնել երկրի կառավարելիությունը և զբաղվել ձեր հոգսերով: Մենք կարող ենք անել ամեն ինչ, որ շատ կարճ ժամանակ հետո բնականոն ընթացք լինի հանրային ծառայություններում, կառավարման ոլորտում»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:

«Հայաստան» դաշինքի շուրջն այնպիսի թիմ է ձևավորվել, որ, ըստ Ռոբերտ Քոչարյանի, կկարողանա արժանապատիվ խաղաղություն հաստատել Հայաստանում: Դաշինքի թիմը կարևոր է համարում երկրի նկատմամբ քաղաքացու վստահության վերականգնումը:

«Ամսի 20-ին բոլորս միասին վերջ տանք ձախողված իշխանությանը, հույս ներշնչենք մեր ժողովրդի լայն խավերին ու գնանք դեպի ուժեղ Հայաստան: Անելիքները շատ են լինելու, պատասխանատվությունն ինձ համար չափազանց մեծ է, բայց ելք չկա, միայն առաջ»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:  

Loading...