10:28   20-06-2021
Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցուցակներում ընդհանուր ընդգրկված են 2510 թեկնածու
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին  մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում միասին ընդգրկված են 2510 թեկնածու։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։
«Ընտրություններին մասնակցող կուսակցություններից, կուսակցությունների դաշինքներից 5
-ի համապետական ընտրական ցուցակների երկրորդ բաժնում ընդգրկված են վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնությունների ընդհանուր թվով 14 թեկնածու»,- նշեց Մուկուչյանը։

ԿԸՀ նախագահը տեղեկացրեց, որ Հայաստանի Հանրապետությունում քվեարկությունը կազմակերպելու նպատակով կազմավորվել է 2008 ընտրական տեղամաս։

«Նշված տեղամասերից 12-ը կազմավորվել են քրեակատարողական հիմնարկներում և համաձայն ընտրական օրենսգրքի պահանջների՝ կբացվեն ավելի ուշ։

Սահմանված կարգով և ժամկետներում բացվել են մնացած բոլոր, ընդհանուր թվով 1996 տեղամասային կենտրոնները և ընտրական տեղամասեր այցելած առաջին ընտրողներն արդեն իսկ կատարել են իրենց քվեարկությունը»,- եզրափակեց Մուկուչյանը։

Հայաստանի Հանրապետությունում ժամը 08:00-ից մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը. ընտրատեղամասերը կփակվեն 20։00-ին: Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրությունների ընտրողների ցուցակներում ժամը 09։00-ի դրությամբ ընդգրկված է 2 միլիոն 593 հազար 572 ընտրող։

Հայաստանում ընտրությունների լուսաբանման համար հավատարմագրվել են օտարերկրյա 50 և տեղական 68 լրատվամիջոցներ: Դիտորդական առաքելություն կիրականացնեն միջազգային 8 և տեղական 19 կազմակերպություններ։ 

 

Loading...