15:48   20-06-2021
ՀՀ ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել «Հայաստան» դաշինքի Սիսիանի գրասենյակում
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել «Հայաստան» դաշինքի Սյունիքի մարզի գրասենյակներից մեկում, այնտեղի ներկայացուցիչների բնակարաններում և ավտոմեքենաներում:

Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը «Ֆեյսբուք»-ում հայտնել էր, որ դաշինքի անդամներին Սյունիքի մարզից բերման են ենթարկում Երևան և խուզարկություններ իրականացնում մարզային գրասենյակներում:

«Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում՝ կեղծ քվեաթերթիկներ պատրաստելու և դրանք իրացնելու հատկանիշներով, ոստիկանները Սիսիան քաղաքի «Հայաստան» դաշինքի գրասենյակներից մեկում, ներկայացուցիչների բնակարաններում ու ավտոմեքենաներում իրականացրել են խուզարկություններ»,- նշեցին ոստիկանությունից և հավելեցին, որ այս պահի դրությամբ բերման ենթարկվածներ չկան:

Սոցիալական ցանցերում նաև տեսանյութ է հրապարկվել, որտեղ ոստիկանները մեքենա են նստեցնում «Հայաստան» դաշինքի Փարաքարի գրասենյակի ղեկավարին:

«Նրան բերման են ենթարկել տեղամասում բաց քվեարկություն կատարելու համար: Նա բերվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին»,- նշեցին ոստիկանությունից:

Տեղեկացնում է Armenpress.am -ը:

Loading...