18:25   20-06-2021
Այդ գործը, որ կարվել է, առաջադրվել է ինձ, իր մեջ նյութ չի պարունակում, դա փուչիկի նման պայթելու է. Արմեն Չարչյան
Թողնել մեկնաբանություն

Ինձ 1,5 օր ապօրինաբար պահեցին անազատության մեջ: Այս մասին յսօր հունիսի 20-ին մամուլի ասուլի ժմանակ նշեց «Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված բժիշկ Արմեն Չարչյանը:

«Ես բնավ չեմ ուզում անդրադարձ կատարել հարցի իրավական կողմին, միայն 2 բան ունեմ ասելու. Նախ, բացարձակապես անընդունելի եմ համարում մեղադրանքի կասկածը, որ առաջադրվել է ինձ, որովհետեւ ես բավականաչափ տիրապետում եմ օրենքներին եւ որեւէ զանցանք, հանցանք ես երբեք չեմ կատարել իմ գործողություններով:  Հետեւաբար այդ գործը, որ կարվել է, առաջադրվել է ինձ, իր մեջ նյութ չի պարունակում, դա փուչիկ է, որը փուչիկի նման պայթելու է:

Երկրորդ, եթե իրապես հիմք չկա, եթե մեր շատ հարգելի իրավաբանները համոզված լինելով, որ որեւէ հիմք չկա, բոլոր դեպքերում գործ են հարուցում, անկամ ինձ ձերբակալում են, դա նշանակում է, որ եղել է հստակ հրահանգ, խստագույնս պահանջ է եղել, որպեսզի ինձ ձերբակալեն: Սրանով բացահայտեցին իմ ուժն ու հնարավորությունը: Սա ցույց տվեց, որ այս գործը բացառապես քաղաքական երանգ ունի եւ բացառապես կախված է իմ քաղաքացիական ու քաղաքական դիրքորոշումից:

Երրորդ կետն էլ կա, բայց հիմա չեմ ասի, որ չդիտվի քարոզչություն»,-ասաց Չարչյանը:

Նա շնորհակալություն հայտնեց քրեաիրավական համակարգի այն բոլոր աշխատակիցներին, որոնց մոտ տեսել է անձնապես արտահայտված հարգալից վերաբերմունք:

«Բացարձակապես մի կողմ պետք է դնել իմ բոլոր ծառայություններն այս երկրի հանդեպ, իմ առողջական վիճակը եւ հարցը դիտարկել զուտ իրավական հարթության մեջ: Օրենքի առաջ բոլորս հավասար ենք: Հարցը պետք է դիտարկել նաեւ բարոյական տիրույթում»,-ասաց Չարչյանը:

Հարցին, թե ինքն ի վերջո ուղղորդե՞լ է «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցներին, Չարչյանը պատասխանեց. «Դուք իմ ձայնագրության մեջ ուղղորդման տարր գտե՞լ եք: Չեք գտել, որովհետեւ չկա»:

Ավելի վաղ  մամուլում տարածվել էր ձայնագրություն Արմեն Չարյանի կողմից իրեն իր ենթակա աշխատակիցների նկատմամբ ճնշում գործադրելու վերաբերյալ: Այդ առիթով ՀՔԾ-ում հունիսի 18-ին հարուցվել է քրեական գործ ` ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:

Ըստ ՀՔԾ հաղորդագրության, Արմեն Չարչյանն, օգտագործելով իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, իր ղեկավարած բժշկական կենտրոնի աշխատակիցներին հարկադրել է պարտադիր կերպով մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին:

Վերջինս, մասնավորապես, հորդորել է դեմ քվեարկել գործող իշխանություններին` միաժամանակ սպառնալով, որ իր պահանջը չկատարելու դեպքում իր և ողջ տնօրինության կողմից արժանանալու են «շատ ավելի կոշտ վերաբերմունքի» և «խիստ անհամարժեք պատասխանի», և որ ինքն ու իր ղեկավարությամբ գործող ստորաբաժանումների ղեկավարները «ստուգելու են», թե ովքեր են մասնակցել ընտրություններին` ակնարկելով, որ ինքն է որոշում նրանց «սերունդների ճակատագիրը»:

ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ծանր հանցանք կատարելու կասկածանքով Ա. Չ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ձերբակալվել էր:

Գրում է News.am -ը:


Loading...