11:57   04-08-2021
Թուրքիայի ԱԳՆ-ն բողոքել է, որ Ֆրանսիան և Հունաստանը հրշեջ ինքնաթիռներ չեն ուղարկել
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Ֆրանսիան և Հունաստանը հրաժարվել են հրդեհաշիջման աշխատանքներին օգնելու նպատակով Թուրքիա հրշեջ ինքնաթիռներ ուղարկելու առաջարկներից: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով թուրքական Yeni Safak թերթին:

«Թուրքիան, իհարկե, ընդունում է այլ երկրների առաջարկած օգնությունը: Ֆրանսիան նախ առաջարկեց ինքնաթիռ ուղարկել, բայց հետո չեղարկեց իր առաջարկը: Հունաստանը նախ ասաց, որ կուղարկի ինքնաթիռ, բայց հետո հրաժարվեց դրանից, քանի որ իրենց մոտ էլ են հրդեհներ բռնկվել», – ասել է Չավուշօղլուն:

Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, թե իբր Անկարան է հրաժարվել մի շարք երկրների օգնության առաջարկից:

Թուրքիայում մեկ շաբաթից ավելի է՝ չի հաջողվում մարել անտառային հրդեհները: Կրակի տարածմանը նպաստում են ուժգին քամիները և բարձր ջերմաստիճանը Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են հիդրոինքնաթիռներ, ուղղաթիռներ: Իսպանիան և Խորվաթիան Թուրքիա են ուղարկել հրշեջ ինքնաթիռներ:

Վերջին շաբաթվա ընթացքում Թուրքիայում 156 անտառային հրդեհ է բռնկվել, որոնց հետևանքով 8 մարդ է մահացել:

Loading...