13:08   04-08-2021
Ալեն Սիմոնյանը կոռեկտության կոչ արեց վարչապետին անունով դիմած պատգամավորին
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նիստերի դահլիճում կոռեկտության կոչ արեց այն բանից հետո, երբ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին խոսելիս, վերջինիս դիմեց անունով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 4-ի նիստում «Հայաստան» խմբակցությունից Արեգնազ  Մանուկյանը նույն խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ապրիլյան պատերազմում բուն մարտական գործողություններին մասնակցել-չմասնակցելու առնչությամբ հարց ուղղելիս վարչապետին դիմեց անունով: Մանուկյանի խոսքերից հետո դահլիճում իշխանական պատգամավորների կողմից արձագանք եղավ: Մանուկյանը ասաց. «Սովորեք ճշմարտությունը լսել, այսուհետ այդպես է լինելու»:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հորդորեց կոռեկտ մնալ: «Վարչապետին անունով, անունը ձևափոխելով կամ որևիցե այլ կերպ դիմելու պարագայում ես կկիրառեմ կարգապահական տույժ: Եվ ընդհանրապես բոլորն այս դահլիճում պետք է կոռեկտ լինեն»,-ասաց Սիմոնյանն ու հորդորեց զերծ մնալ հրահրող արտահայտություններից:

 

Loading...