11:00   16-09-2021
Image Description
Ունենք դիմելիության աճ, կառավարությունը շատ արագ արձագանքում է. Առողջապահության նախարար
Թողնել մեկնաբանություն

ՀՀ առողջապահության նախարարն Անահիտ Ավանեսյանը վստահեցնում է, որ պետության կողմից անվճար, արտոնյալ պայմաններով անհետաձգելի բժշկական օգնություն տրամադրելու շրջանակում չկա որևէ չկատարված ծառայություն, պլանային վիրահատությունների, հետազոտությունների հերթագրման սկզբունքի կիրառման ավելի խիստ մոտեցում է գործում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին:

Պատգամավոր Արեգնազ Մանուկյանը նշեց, որ քաղաքացիներից բողոքներ են ստանում, որ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունը և սպասարկումը փաստացի դադարեցված է, նրանց բուժհիմնարկներում հերթագրում են և ուղարկում տուն: Նա հետաքրքրվեց, թե արդյոք քայլեր արվո՞ւմ են այդ վիճակը շտկելու համար:

Ավանեսյանը նշեց, որ անհետաձգելի բժշկական օգնություն տրամադրելու շրջանակում որևէ կասեցված, չկատարված ծառայություն չունեն: «Այո, ունենք պլանային վիրահատությունների, հետազոտությունների հերթագրման սկզբունքի կիրառման ավելի խիստ մոտեցում: Մենք տարվա սկզբին ունենք որոշակի բյուջե, որի շրջանակում կնքում ենք պայմանագրեր ԲԿ-ների հետ, որոնք իրենց համամասնության շրջանակում, հերթագրելով, բաղդատելով կարևոր անհետաձգելի և ըստ ցուցումների դեպքերը, իրականացնում են ընդհանուր բժշկական օգնությունը:

Այսօր առողջապահության ոլորտի ճշգրտված բյուջեն, չհաշված կորոնավիրուսով պայմանավորված ծախսերը, կազմում է 114 մլրդ 495 մլն դրամ, առողջապահական բյուջեի ընդհանուր աճը 33 տոկոս է: «Եվ այդ աճի շրջանակներում և կառավարության կողմից լրացուցիչ ծրագրերի մեկնարկի շրջանակներում մենք ունենք դիմելիության աճ, ունենք ցավոք սրտի, հիվանդացության աճ, որը պայմանավորված է նաև կորոնավիրուսով:  Դրան կառավարությունը շատ արագ արձագանքում է: Այսօր արդեն ուռուցքաբանության մասով ունենք համալրում, պետությունը լրացուցիչ 550 մլն դրամ հատկացրել է, որ մեր քաղաքացիները հանգիստ կերպով ստանան իրենց անհրաժեշտ բժշկական օգնությունը: Լրացուցիչ հատկացվել է նաև 2 մլրդ դրամ՝ զինծառայողների  և նրանց ընտանիքի անդամների տրամադրման մասով: Այսինքն` կառավարությանը մի կողմից հետևելով դիմելիության աճին, հոսպիտալացման օբյեկտիվությանը,  անելով վերլուծություններ, մոնիտորինգներ, մի կողմից զսպում է բյուջետային  կարգապահության շրջանակներում իրականացվող ծառայությունները, մյուս կողմից էլ բոլոր անհրաժեշտ դեպքում հատկացնում է լրացուցիչ միջոցներ, ֆինանսներ, որպեսզի այն լայնածավալ ծրագրերը, որոնք մեկնարկել են 2018-ից հետո, պատշաճ կերպով բավարարվեն»,-ասաց նա:

 

Loading...