14:06   16-09-2021
Image Description
ԱՀԿ-ն կասեցրել է Sputnik V-ի հաստատման գործընթացը
Թողնել մեկնաբանություն

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կասեցրել է ռուսական Sputnik V պատվաստանյութի հաստատման գործընթացը: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՀԿ-ին առընթեր գործող Առողջապահության համաամերիկյան կազմակերպության տնօրենի օգնական Ժարբաս Բարբոսան:

«Ինչ վերաբերում է Sputnik V պատվաստանյութի հաստատմանը, ապա այս գործընթացը կասեցվել է, քանի որ պատվաստանյութն արտադրող գործարաններից մեկում ստուգման ժամանակ պարզվել է, որ գործարանը չի համապատասխանում արտադրության նոր գործելակերպին», – ասել է Բարբոսան կորոնավիրուսին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա նաև նշել է, որ հաստատման գործընթացը կասեցվել է այնքան ժամանակով, մինչև ռուսական պատվաստանյութի արտադրողները չձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ և նոր ստուգում չանցկացնեն:

Գործակալությունը փոխանցում է, որ 2020 թ.-ի օգոստոսի 11 -ին Ռուսաստանն առաջինն էր աշխարհում, ով գրանցեց Sputnik V պատվաստանյութը: Ռուսական դեղամիջոցը հաստատելու մասին դիմումը ԱՀԿ է ներկայացվել այս տարվա հունվարի վերջին: Դրա գրանցման ժամկետը դեռ անհայտ է: Ըստ ТАСС-ի՝ պատվաստանյութի 91.6% արդյունավետությունը հաստատվել է The Lancet առաջատար բժշկական ամսագրում տվյալների հրապարակմամբ:

Loading...