10:59   17-09-2021
Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային, միջազգային անվտանգության հարցերի
Թողնել մեկնաբանություն

 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 16-ին հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ օրակարգի լայն շրջանակի՝ գոհունակություն հայտնելով սերտ կապերի վրա հիմնված հայ-հնդկական ավանդական ջերմ հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ: Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել համագործակցությունը որակապես նոր մակարդակի բարձրացնել:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել բովանդակային քննարկումներ սկսել տարբեր ոլորտներում կոնկրետ ծրագրերի շուրջ համագործակցության մասին: Այս համատեքստում ընդգծվել է բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացման կարևորությունը:

Նախարարներ Միրզոյանն ու Ջայշանկարը գոհունակությամբ ընդգծել են միջազգային կառույցների շրջանակներում Հայաստանի և Հնդկաստանի միջև ձևավորված փոխաջակցությունը:

Զրուցակիցները քննարկել են նաև «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շուրջ ընթացիկ զարգացումները:

Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի: Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցելու արդյունքում ստեղծված իրավիճակը: Այդ համատեքստում նախարարը բարձր է գնահատել Հնդկաստանի սկզբունքային դիրքորոշումը, ինչպես նաև շարունակական աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Նախարար Միրզոյանը վերահաստատել է  Ջամմուի ու Քաշմիրի հարցում Հնդկաստանին սատարելու Հայաստանի դիրքորոշումը։

Կողմերը քննարկել են նաև իրավիճակն Աֆղանստանում:

Հայաստանի ու Հնդկաստանի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի է ունեցել Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում, որտեղ Արարատ Միրզոյանը գտնվում է ՀԱՊԿ կառույցների աշխատանքներին մասնակցելու նպատակով:

Loading...