14:01   17-09-2021
Image Description
ԱԺ բոլոր պատգամավորները պարգևավճարներ են ստացել. «Հայաստան» խմբակցությունը չի օգտվի այդ գումարից
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ազգային ժողովի բոլոր պատգամավորները պարգևավճարներ են ստացել, «Հայաստան» խմբակցությունը հայտարարում է, որ չի օգտվի այդ գումարից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանական ճեպազրույցում հայտնեց խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Քիչ առաջ տեղեկացանք, որ առանց մեր իմացության ԱԺ պատգամավորները, այդ թվում նաև ընդդիմադիր պատգամավորները ստացել են պարգևավճար: Ենթադրում ենք, որ դա անկախության տոնին է նվիրված: Սա մեզ համար անընդունելի է: «Հայաստան» դաշինքի անունից հայտարարում ենք, որ այդ պարգևավճարներից մենք չենք օգտվելու»,- ասաց Սաղաթելյանը:

Նա շեշտեց՝ իրենց համար անընդունելի և դատապարտելի է, երբ երկրում կան սոցիալական ծանր խնդիրներ, վիրավորներ, հաշմանդամություն ունեցող անձինք, և այդ իրավիճակում պետական պաշտոնյաները, այդ թվում նաև ԱԺ պատգամավորները շարունակում են պարգևավճարներ ստանալ: «Մենք, հավատարիմ մնալով մեր նախընտրական ծրագրին և նախընթաց ժամանակահատվածում արված մեր հայտարարություններին, այդ գումարից չենք օգտվելու: Հավանաբար, կամ կվերադարձնենք պետական բյուջե, կամ ՀՀ սահմանամերձ համայնքներում այդ գումարով կիրականցնեն որևէ ծրագիր»,- ասաց Սաղաթելյանը:

 «Հայաստանը» պատրաստվում է առհասարակ պարգևատրման ինստիտուտի հետ կապված բողոք ներկայացնել ՍԴ: «Գտնում ենք, որ առանց չափորոշիչների պարգևատրումներ իրականացնելն ապօրինի գործընթաց է»,- ասաց նա:

Loading...