14:56   17-09-2021
Քաջարան-Սիսիան ճանապարհի կառուցումն, ամեն դեպքում, ծախսատար է. Մհեր Գրիգորյան
Թողնել մեկնաբանություն

 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դժվարանում է այս պահին ասել՝ որքա՞ն գումար կպահանջվի Հյուսիս-Հարավ ճանապարհային մեծ ծրագրի հարավային՝ Քաջարան-Սիսիան հատվածի կառուցման համար, քանի որ նախագծային աշխատանքները դեռ չեն ավարտվել: Սակայն շեշտում է, որ, ամեն դեպքում, դա շատ ծախսատար նախագիծ է:

Փոխվարչապետն այդ մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում՝ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ անդրադառնալով էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտնած այն տեղեկությանը, որ կառավարությունը մոտ 1 մլրդ ԱՄՆ դոլար կհատկացնի Քաջարան-Սիսիան ճանապարհահատվածի շինարարության համար:

«Նախագծային աշխատանքներն ավարտելուց հետո միայն այդ պրոյեկտի վերաբերյալ հնարավոր կլինի ինդիկատիվ բյուջե նշել: Դրա գործընթացը հետևյալն է. նախ և առաջ, նախագծային աշխատանքներ են պատվիրվում և իրականացվում, որի շրջանակում նոր պարզ է դառնում, թե տեխնիկական լուծումները որոնք են և այդ տեխնիկական լուծումները որքան ծախս կպահանջեն: Ես ձեզ անկեղծ ասեմ՝ դա բավական ծախսատար է, ամեն դեպքում՝ հաշվի առնելով ռելիեֆը, տեղանքը, որովհետև այնտեղ թե՛ կամուրջների ու թունելների անհրաժեշտություն կա, և թե՛ երկար ճանապարհի: Բայց, գիտեք, եթե ես հիմա նույնիսկ ինդիկատիվ բյուջե ասեմ՝ այն կլինի շա՜տ մոտավոր, քանի որ մինչև նախագծային աշխատանքների գոնե կես փուլը չանցնի՝ դրա մասին խոսելը վաղ է», - «Արմենպրես»-ին հայտնեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ, այո՛, ամեն դեպքում, դա շատ ծախսատար նախագիծ է:

Loading...