18:37   17-09-2021
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը շարունակաբար զարգացնում է մրցակցային մշակույթը ՀՀ-ում. ՄՊՀ-ն 20 տարեկան է
Թողնել մեկնաբանություն

 Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 20-ամյակի առթիվ այսօր տեղի է ունեցել համաժողով, որին մասնակցել են և ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, Եվրասիական տնտեսական միության դատարանի նախագահ Էռնա Հայրիյանը, ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ Արման Շակկալիևը, Վրաստանի ազգային մրցակցային գործակալության նախագահ Իրակլի Լեկվինաձեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՄՊՀ-ն՝ մանրամասնելով, որ տեսակապով միացել են նաև ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Մաքսիմ Շասկոլսկին, Հունաստանի մրցակցության հանձնաժողովի նախագահ Իոաննիս Լիանոսը, Ուզբեկստանի հակամենաշնորհային կոմիտեի նախագահ Շախրուխ Շարախմետովը, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի հակամենաշնորհային մարմինների ղեկավարների տեղակալներ: Միջոցառմանը մասնակցում  էին պետական մարմինների ղեկավարներ, միջազգային կառույցների, ՀԿ-ների, բուհ-երի ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք և հյուրեր:

Բացման խոսքում փոխվարչապետ Գրիգորյանը շնորհավորել է ՄՊՀ-ի 20-ամյակի առթիվ՝ նշելով, որ հանձնաժողովը Հայաստանի նորանկախ Հանրապետության առաջամարտիկներից է, որը չի սահմանափակվում պարզապես օրենքների կիրարկմամբ, այլ շարունակաբար զարգացնում է մրցակցային մշակույթը Հայաստանում:

 Նա հատկապես բարձր է գնահատել և կարևորել է հանձնաժողովի գործունեությունն ու դերը COVID-19 համավարակի պայմաններում՝ սոցիալական նշանակություն ունեցող շուկաներում տիրող իրավիճակին հնարավոր հակամրցակցային գործողությունները և անբարեխիղճ մրցակցության դրսևորումները կանխարգելելու և սպառողների շահերը պաշտպանելու նպատակով։

ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը նշել է, որ գոյության 20 տարիների ընթացքում հանձնաժողովը  կայացման կարևոր ճանապարհ է անցել, բարձրացել են անկախության երաշխիքները, մարմնի դերի և նշանակության կարևորությունը:

Խոսելով ապագա ծրագրերի մասին՝ Գեղամ Գևորգյանն ընդգծել է, որ առաջիկա տարիներին մրցակցային քաղաքականությունը հիմնված է լինելու 4 կարևոր հենասյուների վրա՝ օրենսդրության կարգավորում, թվայնացում, մարդկային ռեսուրսների կառավարում և մրցակցության քարոզչություն:

«Այս տարիների ընթացքում մեծ բարեփոխումների են ենթարկվել ինստիտուտները: Այսօր չեք կարող տեսնել, որ շուկաներում կան արհեստական խոչընդոտներ, խնդիրներ, որոնք սահմանափակում են մրցակցությունը: Մենք հիմա անցել ենք դասական մրցակցային խնդիրների լուծմանը, ինչպես ամբողջ աշխարհում է, այսինքն՝ խնդիրներ, որոնք ստեղծվում են ոչ թե պետական ռեսուրսների կիրառմամբ, այլ տնտեսավարողների մրցակցության արդյունքում»,- ընդգծել է Գեղամ Գևորգյանը:

ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ Արման Շակկալիևը նշել է, որ այսօր Հայաստանի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գործունեությունը կարելի է համարել ամենարդյունավետներից մեկը ԵԱՏՄ համագործակցության շրջանակում՝ հավելելով, որ Հայաստանի մրցակցային մարմինը վաստակած հեղինակություն է վայելում ոչ միայն Միության անդամ պետությունների մրցակցային/հակամենաշնորհային մարմինների շրջանում, այդպես էլ միջազգային հարթակներում:

ՄՊՀ-ն ստեղծվել է 2001 թվականին «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հիման վրա՝ որպես տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառում պետական քաղաքականություն իրականացնող պետական մարմին: Ներկայումս Հանձնաժողովն անկախության բարձր կարգավիճակ ունեցող ինքնավար մարմին է:

Loading...