12:57   15-10-2021
Փարիզի սրտում գտնվող հատվածներից մեկն անվանակոչվեց Հայաստանի անունով
Թողնել մեկնաբանություն

Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է․

«Երեկ երեկոյան Փարիզի քաղաքային խորհուրդն ընդունեց կարևոր որոշում՝ հերթական անգամ արձանագրելով Փարիզի և Հայաստանի միջև անխախտ բարեկամությունը և հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրությունը։
Քաղաքային խորհրդի միաձայն որոշմամբ Փարիզի սրտում գտնվող հատվածներից մեկը՝ Ալմայի և Էնվալիդների կամուրջների միջև ընկած և Սենա գետին հարող ընդարձակ տարածքը, անվանակոչվեց Հայաստանի անունով՝ ստանալով Հայաստանի էսպլանադ հնչեղ անվանումը («Esplanade d’Arménie»)։

Հայաստանի էսպլանադը կընդգրկվի Փարիզի հասցեների պաշտոնական ռեգիստրում և իր ընդարձակ տարածքի մեջ կներառի նաև դեռևս 2004 թվականին բացված Կոմիտաս Վարդապետի արձանը և 2009 թվականին բացված Երևանի այգին։
Շնորհակալություն ենք հայտնում Փարիզի քաղաքային խորհրդին՝ քաղաքապետ Անն Հիդալգոյի գլխավորությամբ, այս կարևոր նախաձեռնության ու ընդունված որոշման համար, ինչպես նաև փոխքաղաքապետ Առնո Նգաչային՝ որոշման նախագիծը հեղինակելու համար։

Փարիզի խորհրդի այս խորհրդանշական նիստին հրավիրված էր ներկա գտնվելու նաև Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանը»։

Loading...