13:44   15-10-2021
Պետությունը ֆինանսավորում է գիտական և գիտատեխնիկական գործունեությունը
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարի hրամանով հաստատվել է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի մրցույթում ֆինանսավորման համար երաշխավորված թեմաների ցանկը:

«Ֆինանսավորման է երաշխավորվել 2-5 կատարող ունեցող 224 գիտական թեմա, այդ թվում՝ 84-ը՝ «Բնական գիտություններ», 41-ը՝ «Ճարտարագիտություն և տեխնոլոգիաներ», 11-ը՝ «Բժշկական գիտություններ», 22-ը՝ «Գյուղատնտեսական գիտություններ», 27-ը՝ «Հասարակական գիտություններ» և 39-ը՝ «Հայագիտություն ու հումանիտար գիտություններ» բնագավառներից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, ընդգծելով, որ պայմանագրային ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի այս մրցույթը նախորդներից  տարբերվում է:

Հետազոտությունների իրականացման համար դրամաշնորհները տրամադրվելու են մինչև 3 տարի տևողությամբ: Խստացվել են խմբերի ղեկավարներին ներկայացվող պահանջները, խմբերից պահանջվելու են ավելի շոշափելի գիտական արդյունքներ. թեմաների  իրականացման ընթացքում խմբերը միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում պետք է ունենան բարձր վարկանիշ ունեցող հրապարակումներ: Այս պայմանի շրջանցումը կազդի Գիտության կոմիտեի կողմից հետագայում հայտարարվելիք  մրցութային ծրագրերին գիտահետազոտական խմբի անդամների ներկայացրած գիտական թեմաների փորձագիտական գնահատականի վրա:

Թեմաների ֆինանսավորումը կսկսվի 2021 թվականի  հոկտեմբերից: Նշվում է, որ մրցույթը նախորդներից տարբերվում է նաև ֆինանսավորվող թեմաների աննախադեպ մեծ քանակով:

Առաջատար հետազոտությունների աջակցության մրցույթի արդյունքները հայտնի են

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է նաև գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային ֆինանսավորման շրջանակում առաջատար հետազոտությունների աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը:

Առաջատար հետազոտությունների աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթը կազմակերպվում է առաջին անգամ և աննախադեպ է տրամադրվող գումարի, թեմայի տևողության և խմբերում ներգրավված գիտաշխատողների առումով: Մրցույթի արդյունքում ս.թ. հոկտեմբերից սկսած մինչև 5 տարի տևողությամբ դրամաշնորհներ կտրամադրվեն առաջատար գիտաշխատողների ղեկավարությամբ ձևավորված, 6-7 անձից բաղկացած 49 գիտահետազոտական խմբերի, որոնք գործում են ՀՀ-ում:

Այլ մրցույթների համեմատ այս մրցույթի նպատակը ոչ միայն բեկումնային գիտական ուղղություններով հետազոտությունների իրականացումն է, այլև գիտական դպրոցի պահպանումն ու զարգացումը և առաջատար գիտնականների կողմից փորձի փոխանակման համար բարենպաստ պայմանների ստեղծումը: Այդ նկատառումով էլ այս մրցույթի դեպքում խմբերի ղեկավարների համար առավելագույն տարիքային շեմ սահմանված չէ, իսկ խմբերի անդամներից առնվազն երկուսը 35 և ցածր տարիքի են: Բացի դրանից՝ խմբերը հնարավորություն ունեն թեմայի մեկնարկից 12 ամիս անց կազմը համալրելու ևս երկու երիտասարդ մասնակիցներով (մագիստրանտներ): Վերջիններիս վարձատրելու համար Գիտության կոմիտեն կհատկացնի լրացուցիչ միջոցներ:

Կարևորվել է նաև միջազգային գիտական կապերի խորացման գործոնը

Խումբը պետք է ունենա օտարերկրյա գործընկեր, որը թեմայի իրականացման ժամանակահատվածում պետք է առնվազն 30 օր գտնվի ՀՀ-ում և նույնքան ժամանակ էլ իր ներկայացրած գիտական կազմակերպությունում ընդունի խմբի ներկայացուցիչներին:

Խմբերի առջև դրված պարտադիր պահանջներից են թեմայի իրականացման ընթացքում միջազգային հեղինակավոր ամսագրերում հրապարակումներն ու միջազգային հետազոտական դրամաշնորհների ներգրավումը (յուրաքանչյուր շնորհառուից ակնկալվում է 30 մլն ՀՀ դրամը գերազանցող միջազգային գիտական դրամաշնորհի առնվազն մեկ դիմում), թեմային առնչվող գիտահանրամատչելի նյութերի ստեղծումն ու տարածումը:

Նախագծի իրականացման ընթացքում կատարվելու է առաջընթացի տարեկան գնահատում, իսկ մեկնարկից երեք տարի անց՝ խմբի եռամյա գործունեության միջանկյալ գնահատում, որից հետո կորոշվի հաջորդող երկու տարիներին թեմայի ֆինանսավորումը շարունակելու նպատակահարմարությունը:

 

Loading...