11:29   22-10-2021
Շվեյցարիան աջակցում է ՀՀ-ի հակակոռուպցիոն ջանքերին․ Անդրեասյանն ընդունել է Շվեյցարիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին
Թողնել մեկնաբանություն

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հոկտեմբերի ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանության Գործերի ժամանակավոր հավատարմատար Վերներ Թութին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից,  Կարեն Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Վերներ Թութին հանդիպման հրավերն ընդունելու և Շվեյցարիայի կառավարությանը՝ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ու հատկապես հակակոռուպցիոն ջանքերին աջակցելու համար՝ ուղղված օրենքի գերակայության, մարդու իրավունքների ամրապնդմանը։ Այդ համատեքստում, Կարեն Անդրեասյանը նաև բարձր է գնահատել կոռուպցիայի կանխարգելման առաջատար իրավապահ մարմնի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի  ստեղծման աշխատանքներին ցուցաբերվող օժանդակությունը։

Ըստ աղբյուրի՝ Վերներ Թութի հետ զրույցի ընթացքում արդարադատության նախարարը ներկայացրել է բարեփոխումների օրակարգը՝ ուղղված քրեակատարողական, ոստիկանության, դատաիրավական, Սահմանադրության բարեփոխումներին, հակակոռուպցիոն քաղաքականությանը, վրացական օրինակով Հայաստանում հանրային ծառայությունները մեկ վայրում մատուցող «Արդարադատության տներ»-ի ստեղծման ծրագրին,  Հարկադիր կատարումն ապահովող ծառայության արդյունավետության բարձրացմանը և այլն։

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ավարտին կողմերը քննարկել են թվարկված ուղղություններով ևս համագործակցելու հնարավորություններն ու պայմանավորվել են զարգացնել  առկա փոխգործակցությունը։

Loading...