11:33   22-10-2021
Image Description
Ներառական առաջին մասնագիտական կենտրոնը նոր հեռանկարներ կբացի հաշմանդամություն ունեցող մարդկանց համար
Թողնել մեկնաբանություն

 Ներառական մասնագիտական կենտրոնը կծառայի որպես ներառական արվեստի զարգացման և այլընտրանքային կրթության նոր բազմաֆունկցիոնալ հարթակ: Այն բոլոր ցանկացողներին հնարավորություն կտա առանց խոչընդոտների իրացնել սեփական կարողություններն ու կատարողական արվեստի ոլորտում իրագործել մինչ այժմ անհնարին թվացող գաղափարները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 21-ին: Կենտրոնը գործում է «Մետրո» թատրոնի հարևանությամբ (Գարեգին Նժդեհի հրապարակի գետնանցում)։

«Դառնալով Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն և տեսնելով «Մետրո» թատրոնին կից այս տարածքը՝ որոշեցի, որ քաղաքի կենտրոնից դուրս պետք է  ոգեշնչող միջավայր լինի, որտեղ բոլոր տեսակի արվեստի ուղղություններով հետաքրքրված մարդիկ հնարավորություն կունենան ձեռք բերել գիտելիքներ և փորձ»,-ասաց Ներառական առաջին մասնագիտական կենտրոնի տնօրեն Վահան Բադալյանը:

Նա նշեց, որ նոյեմբերից կընդունեն սկսնակների խումբ: Կարող են դիմել բոլոր ցանկացողները՝ առանց տարիքային սահմանափակման: Դասընթացները կտևեն երեք ամիս:

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն էլ շեշտեց, որ Գեղագիտության ազգային կենտրոնն ապացուցել է, որ արդյունավետ, գրագետ գործելաոճ ունի ներառական ծրագրերի իրականացման գործում: «Հասարակությունների և ազգերի քաղաքակրթական և մշակութային ցենզը որոշվում է նաև այն ներառական քաղաքականությամբ, որն իրականացնում է այդ երկիրը: Բարեբախտաբար, վերջին շրջանում մենք շատ ակտիվ ենք այս առումով. ծրագրերը բավականին հաջող են ու ոչ միայն ներպետական մակարդակով, այլև միջազգային համագործակցության տեսանկյունից»,-ասաց փոխնախարարը:

Նա շնորհավորեց Վահան Բադալյանին կենտրոնի տնօրենի պարտականությունները ստանձնելու առթիվ և հավելեց, որ այսուհետ ներառականությունը հռչակված է որպես կենտրոնի գերակա ուղղություններից մեկը: Խզմալյանը հույս հայտնեց, որ Գեղագիտության ազգային կենտրոնը կդառնա մշակութային այլ կառույցներին ներառականության մեթոդաբանություն հուշող, թելադրող և կողմնորոշիչներ տվող կառույց:

Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալլագերի խոսքով՝ ինքն ուրախ է, որ Բրիտանական խորհուրդը կարևոր դերակատարություն է ունեցել հրաշալի նախաձեռնության իրականացման գործում, որը միտված է ոգևորելու և զարգացնելու հաշմանդամություն ունեցող մարդկանց տաղանդը: «Միացյալ Թագավորությունը մեծ ջանքեր է գործադրում հաշմանդամություն ունեցող  մարդկանց հասարակության անդամ դարձնելու համար և լավ է, որ մենք կարողացանք մեր փորձը ներդնել Հայաստանում այս ոլորտն առավել զարգացնելու համար թե՛ մշակույթի, թե՛ սպորտի, թե՛ կրթության ասպարեզներում»,-եզրափակեց դեսպանը:

Կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանն ու ողջույնի խոսքերին հաջորդեց Փոքր թատրոնի ներառական պարային խմբի կարճ պարային ներկայացումը, որը բուռն ծափողջույներով ընդունվեց:

Ծրագրի հիմքում Գեղագիտության ազգային կենտրոնի և Բրիտանական խորհրդի երկարամյա արդյունավետ համագործակցությունն է՝ դեռևս յոթ տարի առաջ մեկնարկած «Պար առանց սահմանների» նախագծի շրջանակում։ Հենց այդ ժամանակ Հայաստանում հիմնվեց առաջին պրոֆեսիոնալ ներառական պարային խումբը, որում ընդգրկված են հաշմանդամություն ունեցող և հաշմանդամություն չունեցող մարդիկ: Հիմնադրումից մինչ օրս պարային խումբը ստեղծել է վեց տարբեր ներառական բեմադրություններ, որոնք հարյուրից ավելի անգամ ներկայացվել են Հայաստանում և արտերկրում։ Ներկայացումներ և վարպետության դասեր են իրականացվել նաև Հայաստանի վեց մարզում։ Խումբը հանդես է եկել շուրջ 15.000 հանդիսատեսի առջև:

Loading...