16:26   22-10-2021
5 տարում՝ 53 աշխատանք. լիբանանահայ ստեղծագործողը կներկայանա ՍԱՂԱՐԹ ցուցահանդեսով
Թողնել մեկնաբանություն

Սիրով տեղեկացնում և հրավիրում ենք լիբանանահայ
ստեղծագործող Արմենուհի Սաղդասարյանի՝
ՍԱՂԱՐԹ անհատական և առաջին ցուցահանդեսին, որը տեղի կունենա ՀՀ նկարիչների միության
առաջին հարկում գտնվող՝ Արա Սարգսյանի անվան ցուցասրահում:

Ցուցահանդեսը նվիրված է Թարգմանչաց տոնին  և ընդգրկում է հեղինակի 53 աշխատանք, որոնք ստեղծվել են հինգ տարում: Դրանք
կտավներ են կատարված մետաքսի վրա՝ բատիկայի սկզբունքով: Ստեղծագործություններն անտիպ
են, քանի որ  առաջին անգամ փորձ է արվել հայոց
այբուբենի տառերը ներկայացնել որպես արվեստի գործ՝ ինքնատիպ լուծումներով և պատկերազարդման  նոր տեխնիկայով:
 Արաբական գեղագրության արվեստին քաջածանոթ լինելու փաստը մեծ
հնարավորություն է տվել Արմենուհուն՝ յուրովի ուսումնասիրելու և յուրակերպ բացահայտելու
հայկական տառարվեստի և մանրանկարչության առանձնահատկությունները:

 Համադրված
են հայկական զարդարվեստի նախշերը, կենդանակերպի, ինչպես նաև  հայկական առասպելաբանության  խորհրդանիշերը: Ստեղծագործություններում առկա են
նաև արվեստի ժամանակակից ընկալումների նոր շերտավորումներ, որոնք աշխատանքները ձևակերպում
են ժամանակին համընթաց:

Այս փորձառությունը հաճելի մարտահրավեր ու ոգեշնչման աղբյուր
դարձավ մի մարդու համար, ով արվեստի բնագավառում չունի ակադեմիական կրթություն։

«Հաշվի առնելով, որ հայկական տառերը մշակութային ինքնության
անքակտելի և կարևորագույն բաղադրիչներից մեկն է՝ իմ մեջ ցանկություն առաջացավ բացահայտելու
հնադարյան գիրն ու զարդարվեստը և յուրովի նոր շունչ պարգևելու դրանց՝ ժամանակի ոգուն
համահունչ»,
- ասում է Արմենուհին:

Ցուցահանդեսում սպասվում է հանդիպում հեղինակի
հետ, ով կներկայացնի իր կրկին առաջին անգամ
լույս տեսած,  նույն աշխատանքների կատալոգը,
որտեղ զետեղված են ստեղծագործությունների լուսանկարները՝ համապատասխան գեղարվեստական
բացատրություններվ :

Սիրով սպասւոմ ենք ՀՀ նկարիչների միության ցուցասրահում
հոկտեմբերի 24-ին ժամը 15.00-ին: Ցուցահանդեսը
տևելու է չորս օր:

կազմակերպիչ` ԱրթԶ կրթամշակութային ՀԿ-

 (հիմնադիր
նախագահ` Օվսաննա Քարամյան)

Loading...