15:04   25-10-2021
2022 թվականի համար նախանշվել է տնտեսական աճի 7 տոկոս ցուցանիշ. Ներսես Երիցյան
Թողնել մեկնաբանություն

2022 թվականի համար նախանշվել է տնտեսական աճի 7 տոկոս ցուցանիշ: Այս մասին ԱԺ-ում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտնեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:

«2022 թվականի համար նախանշված բարձր տնտեսական աճի հիմքում ընկած են մեծածավալ պետական ներդրումների իրականացումը ենթակառուցվածքներում և մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված ոլորտներում, ինչպես նաև տնտեսության արտահանելի հատվածների խթանման ուղղված միջոցառումներն են ներառված, որոնք կնպաստեն երկրի մրցունակության և ընդհանուր արտադրողականության բարձրացմանը»,- ասաց Երիցյանը:

2022-ին կշարունակվի համախառն պահանջարկի արագ վերականգնումը՝ պայմանավորված ինչպես ներքին, այնպես էլ արտաքին պահանջարկի աճով:

«Ի տարբերություն 2021 թվականի՝ ներքին պահանջարկի աճը դիտարկվող ժամանակահատվածում պայմանավորված կլինի կառավարության կողմից ներդրումների խթանման քաղաքականության ներքո ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ներդրումների բարձր աճերով»,- ասաց Երիցյանը:

Երիցյանի խոսքով՝ տնտեսական ներուժի վրա ազդեցության տեսակետից կարևոր են ներդրումների խրախուսման և արտահանման խթանման ուղղությամբ նախատեսված միջոցառումները և գործողությունների առավել հստակ նկարագրումն ու քննարկումը բյուջեի ծրագրի շրջանակներում:

Loading...