09:12   26-10-2021
ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Սիերա Լեոնեի արտակարգ և լիազոր դեսպանին
Թողնել մեկնաբանություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հոկտեմբերի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սիերա Լեոնեի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալի Բադարա Կամարայի գլխավորած պատվիրակությանը (նստավայրը՝ Թեհրան):

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ԿԳՄՍ-ից, նշելով, որ կողմերը քննարկել են կրթության և գիտության ոլորտում համագործակցության հնարավոր հեռանկարները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է կրթության ոլորտում Հայաստանում ներկայում իրականացվող բարեփոխումները՝ պատրաստակամություն հայտնելով կիսվել մեր երկրի փորձառությամբ:

Անդրադառնալով երկու երկրների միջև բարձրագույն կրթության ոլորտում հնարավոր համագործակցությանը՝ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ այն կարող է իրականացվել միջբուհական կապերի ձևավորման միջոցով՝ հաշվի առնելով երկուստեք հետաքրքրությունները:

Դեսպան Ալի Բադարա Կամարան վստահեցրել է, որ իր առաքելության ընթացքում առավելագույն ջանքեր կներդնի Հայաստանի և Սիերա Լեոնեի միջև համագործակցության զարգացման համար: Դեսպանը նշել է, որ իր երկրում առկա է գրագիտության բարձրացման և բարձրագույն կրթության ոլորտում ինտեգրացիոն կապերի ամրապնդման խնդիր՝ ակնկալելով համագործակցություն հետխորհրդային երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև կրթության ոլորտում երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Loading...