10:11   28-10-2021
Image Description
Բացվել է Մարտունու շրջանային բուժմիավորման անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը
Թողնել մեկնաբանություն

Բացվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Մարտունու շրջանային բուժմիավորման անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը: Բացման արարողությանը մասնակցել են Արցախի առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Համբարձումյանը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Բերտրան Լամոնը, Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը, համակարգի բուժաշխատողներ և այլ հրավիրվածներ:

Ողջունելով ներկաներին՝ Արցախի առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Համբարձումյանը երախտագիտություն է հայտնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին՝ ի դեմս Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Բերտրան Լամոնի, համատեղ աշխատանքի արդյունքում ավարտին հասցված ևս մեկ բարեգործական ծրագրի համար: Արցախում ծրագիրը մեկնարկել էր Հադրութի շրջանից, որի բացումը եղել է 2020 թվականի հունիսի 12-ին, 2021թ. ապրիլի 22-ին Մարտակերտի շրջանային բուժմիավորումն ունեցավ նման բաժանմունք:

Մարտունու անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցներով վերակառուցվել, կահավորվել ու համալրվել է բարձրակարգ բժշկական սարքավորումներով: Բաժանմունքի նպատակն է Մարտունու շրջանի բնակչությանը որակյալ անհետաձգելի բուժօգնության տրամադրումը։ Ելույթով հանդես է եկել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Բերտրան Լամոնը՝ իր խոսքում նշելով, որ կոմիտեն երկար տարիների փորձ ունի անհետաձգելի բուժօգնության ոլորտում և պատրաստակամություն է հայտնել անձնակազմի համար կազմակերպել «Անհետաձգելի բժշկական օգնության հիմունքներ» թեմայով դասընթաց:

Առաքելության ղեկավարն ընդգծել է, որ միայնակ չէին կարողանա կատարել մեծ աշխատանք և իրենց շնորհակալությունն է հայտնել ոլորտի մասնագետներին, որոնք օգնել են միասին հասնել հաջողության: Կարմիր ժապավենի հատման պատվավոր առաքելությունը տրվել է Բերտրան Լամոնին և Արցախի առողջապահության նախարարի տեղակալին, որից հետո ներկաները շրջելով բաժանմունքով՝ ծանոթացել են բժշկական նոր սարքավորումներին ու հնարավորություններին:

Loading...