14:21   28-10-2021
ԱԺ-ն չհաստատեց ընդդիմադիրների նախաձեռնությամբ ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամների թիվը
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ազգային ժողովը քվեարկությամբ չհաստատեց ընդդիմադիր պատգմավորների նախաձեռնությամբ ստեղծված Դատարաններում գործերի՝ օրենքով սահմանված բաշխման կարգի խախտմամբ, ինչպես նաեւ` Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությունը խոչընդոտող փաստերը ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը:

Քննիչ հանձնաժողովը ստեղծվել է իրավունքի ուժով, պատգամավորների ստորագրությունների անհրաժեշտ թվով: «Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդևանյանը նախաձեռնությունը ներկայացնելիս, նշել էր, որ հանձնաժողովն ունի ուսումնասիրության երկու առարկա. առաջինը վերաբերում է դատարաններում օրենք սահմանված կարգի խախտմամբ բաշխման գործընթացի խնդիրներին: Քննիչ հանձնաժողովի ուսումնասիրման հաջորդ առարկան վերաբերում է Արդարադատության նախարարի կողմից 2020-ի նոյեմբերի 1-ից հարուցված կարգապահական վարույթներին և այդ վարույթների հարուցման տրամաբանությանը: Առաջարկվում էր, որ հանձնաժողովն ունենա 10 անդամ:

Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը նախորդ նիստում, անդրադառնալով քննիչ հանձնաժողովի ստեղծմանը, դա համարեց միջամտություն դատական իշխանության ոլորտին: Վարդանյանի կարծիքով՝  այդ հարցն ընդհանրապես ԱԺ իրավասության տիրույթից դուրս է: 

Քվեարկությունից առաջ «Հայաստան»-ից Արծվիկ Մինասյանն ասաց, որ նախորդ օրը հարցի քննարկման ընթացքում շփոթ է առաջացել: Նա առաջարկեց, որ իշխանությունը ևս մեկ անգամ քննարկի, որովհետև դա որևէ ձևով չի խոչընդոտում արդար դատաքննության ընթացին: Խմբակցությունը 20 րոպե ընդմիջում խնդրեց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդմիջումից հետո նախագիծը քվեարկությամբ ստացավ 25 կողմ, 1 ձեռնպահ ձայն: Այսպիսով, որոշումը չընդունվեց:

Loading...