18:57   28-10-2021
Image Description
«Զանգվածային լրատվության մասին» օրենքի փոփոխությունները ԱԺ-ն ընդունեց առաջին ընթերցմամբ
Թողնել մեկնաբանություն

53 կողմ, 17 դեմ, 1 ձեռնպահ ձայներով Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի, Վահագն Հովակիմյանի, Թագուհի Ղազարյանի և Սարգիս Խանդանյանի հեղինակած ««Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ ու Քաղաքացիական օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ փոփոխություններ նախաձեռնելը պայմանավորված է օրենքի ժամանակավրեպությամբ:

«2003 թվականին գրված «Զանգվածային լրատվության մասին» օրենքը, ըստ էության, այսօր չի արտացոլում ամբողջ մեդիադաշտին վերաբերող կարգավորումներն ու չի լուծում բոլոր խնդիրները: Ըստ էության, առաջացել են նոր մեդիահարթակներ: Դրանք սոցիալական ցանցերում են, դոմեյնների, կայքերի տեսքով են, որոնք տարատեսակ տեղեկատվություններ են տարածում:

Դրանք չունեն նույնականացման տվյալներ, որոնցով տեղեկատվություն սպառողը կամ պետությունը կկարողանա նույնականացնել այդ տեղեկատվության աղբյուրները և կարգավորումներ իրականացնել: Որոշ լրատվամիջոցներ, «Զանգվածային լրատվության մասին» օրենքի համաձայն լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպություններ, վերցնում են տարատեսակ տեղեկատվություններ, հղում են անում այդ չնույնականացված աղբյուրներին և «Զանգվածային լրատվության մասին» օրենքով ազատվում պատասխանատվությունից»,- նշել է Արթուր Հովհաննիսյանը:

Հեղինակներն  առաջարկել են  օրենքում ավելացնել նոր հասկացություն՝ «չնույնականացված աղբյուրներ», ինչը նշանակում է, որ հնարավոր չէ պարզել այդ աղբյուրները տնօրինողին և ստեղծողին: Առաջարկվում է լրատվամիջոցների համար պատասխանատվություն սահմանել  չնույնականացված աղբյուրներին հղում կատարելու դեպքում:

Նախատեսվում  է փոփոխել նաև ֆինանսավորման աղբյուրների թափանցիկության մասին հոդվածը:

Հաշվետվությունը ժամանակին չներկայացնելու կամ օրենքով արգելված աղբյուրներին հղում կատարելու դեպքում առաջարկվում է լրատվական գործունեություն իրականացնողին տուգանել  սահմանված նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով: Պետական կառույցներում չեն կարող հավատարմագրվել համացանցում գործունեություն իրականացնող այն լրատվամիջոցները, որոնք սահմանված ժամկետում չեն ներկայացնի ֆինանսական հաշվետվությունն ու նույնականացման տվյալները:

Loading...