12:08   27-11-2021
Արցախի ՀԿ-ների ներկայացուցիչները վրդովված են պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հնչեցրած վիրավորական արտահայտություններից
Թողնել մեկնաբանություն

 Արցախի ԱԺ  նախագահ Արթուր Թովմասյանը նոյեմբերի 26-ին խորհրդարանի նիստերի դահլիճում  հանդիպել  է Արցախի հասարակական կազմակերպությունների և հանրային գործիչների ներկայացուցիչների հետ։

Նախքան  հանդիպման բուն թեմային անցնելը՝  ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են արցախյան 3 պատերազմներում  նահատակված  հայորդիների  հիշատակը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Ազգային ժողովից, հանդիպման նպատակն օրերս հասարակական կազմակերպությունների՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված  բաց նամակի և նամակի ներքո ստորագրած հասարակական կազմակերպությունների անդամների հասցեին  ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե  Հակոբյանի հնչեցրած վիրավորական արտահայտությունների բողոք- քննարկումն էր։

«Նոյեմբերի 12-ին 3 տասնյակից ավելի հասարակական կազմակերպությունների, ուսանողական խորհուրդների և հանրային գործիչների ստորագրությամբ հրապարակվել էր բաց նամակ՝ ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նամակում մասնավորապես նշվում էր խաղաղապահ առաքելության իրականացրած ջանքերի, ռազմական գործողությունների դադարեցման գործում ՌԴ նախագահի անձնական միջամտության, Ադրբեջանի կողմից պարբերաբար կրկնվող սադրանքների,դրանց հետևանքների և պատժիչ հավելյալ մեխանիզմների ներդրման անհրաժեշտության մասին։

Նամակի բովանդակությունը ԱԺ պատգամավոր Մ․ Հակոբյանը 168․ am կայքին տված հարցազրույցում  որակել էր  որպես պոպուլիստական և բեմականացված  գործունեություն, ինչպես նաև ստորագրածներին անվանել  էր  «նախագահ Արայիկ Հարությունյանի սեփականություն և իշխանության կողմից դրված կաթսայից կերակրվողներ»»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը ներկա հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց վրդովմունքն ու զայրույթն են հայտնել պատգամավորի հնչեցրած վիրավորական, զրպարտիչ արտահայտությունների համար և պահանջել են պատգամավորի՝ հրապարակայնորեն  ներողություն խնդրելը։ «Ես անգամ  իմ ծնողների սեփականությունը ինձ չեմ համարում, ուր մեկ ուրիշի սեփականությունը լինեմ։Պատգամավորը, ինչպես  հրապարակայնորեն վիրավորանք ու զրպարտանք է ուղղել մեր հասցեին,այնպես էլ թող հրապարակավ ներողություն խնդրի», - պնդել է «Պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության անդամ Գարիկ Գրիգորյանը։

«Հանդիպման մասնակիցները գտնում են, որ անձի նկատմամբ  զրպարտանքն և վիրավորանքը ժամանակն է քրեականացվելու։

ԱԺ նախագահն  առաջարկել է հանդիպում կազմակերպել «Արդարություն» խմբակցության անդամների հետ և  առկա խնդրին տալ համապատասխան  լուծում»,- հայտնում են Արցախի ԱԺ-ից՝ հավելելով, որ Արթուր Թովմասյանը   հանդուրժողականության, համերաշխության և զսպվածության  հորդորներ է տվել։

 

Loading...