Հինգ ամսվա ընդմիջումից հետո Վիեննայում վերսկսվում են միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները, որոնց մասնակցում են Իրանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Բրիտանիայի և Չինաստանի ներկայացուցիչները։ BBC-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն բուն նիստին չի մասնակցում, սակայն այդ երկրի՝ Իրանի հարցով հատուկ պատվիրակն առանձին խորհրդակցություններ կանցկացնի բանակցությունների մասնակիցների հետ։
Այս բանակցություններից է կախված այն՝ արդյո՞ք Իրանը հնարավորություն կստանա դուրս գալ տնտեսական ծանր ճգնաժամից, որը սրվել է ամերիկյան պատժամիջոցների վերականգնումից հետո։
Հիշեցնենք՝ 2015 թ․-ն նշված երկրները ստորագրել էին «Գործողությունների համատեղ համապարփակ պլանը», որի նպատակն էր սահմանափակել Իրանի միջուկային ծրագիրը։ 2018 թ․-ին այն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դուրս էր եկել գործարքից և վերականգնել Իրանի դեմ պատժամիջոցները։ Դրանից հետո Թեհրանը սկսել էր աստիճանաբար հրաժարվել միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորություններից։
Բանակցություններն ընդմիջվել էին Իրանի նոր նախագահ Էբրահիմ Ռայիսիի ընտրություններից հետո։ ԳՀՀՊ-ին վերադառնալու համար Իրանը պահանջում է արևմտյան բոլոր պատժամիջոցների չեղարկում։