12:11   29-11-2021
ՀԱՀ-ի նախագահը պահանջել է հանել աֆրիկյան երկրներից մուտքի արգելքը․ ԱՀԿ-ն համաձայն է
Թողնել մեկնաբանություն

Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան քննադատել է այն երկրներին, որոնք արգելել են մուտքը ՀԱՀ-ի և աֆրիկյան այլ երկրների քաղաքացիների համար՝ այնտեղ կորոնավիրուսի նոր՝ Օմիկրոն շտամի հայտնաբերման պատճառով։ BBC լրատվամիջոցի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ նա այդ որոշումն անվանել է խտրական և անարդար, զուրկ գիտական հիմնավորումից։

Ռամաֆոսան քննադատել է հարուստ երկրներին՝ նշելով, որ հարկավոր է ավելի շատ ուշադրություն դարձնել ամբողջ աշխարհում պատվաստանյութերի արդարացի բաշխմանը, ոչ թե «երես թեքել» նոր մուտացիաներ հայտնաբերած երկրներից։ Ռամաֆոսայի խոսքով՝ ՀԱՀ-ից և նրա հարևան երկրներից մուտքի արգելքը չի կանգնեցնի նոր շտամի տարածումն աշխարհում, սակայն լրացուցիչ վնաս կհասցնի աֆրիկյան մայրցամաքի տնտեսության վերականգնմանը և սպառնալիքի տակ կդնի մարդկանց կյանքը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, չնայած նոր շտամը դասակարգել է որպես «մտահոգության առիթ», սակայն սատարել է Ռամաֆոսային և քննադատել այն երկրներին, որոնք հապճեպ որոշել են նոր սահմանափակումներ մտցնել։ ԱՀԿ-ն կոչ է արել խնդրին մոտենալ՝ հիմնվելով գիտական տվյալների և ռիսկերի գնահատման վրա։

Լրատվամիջոցը հավելում է, որ Օմիկրոն շտամն արդեն իսկ դուրս է եկել ՀԱՀ-ի սահմաններից։ Այն հայտնաբերվել է տարբեր երկրներում, այդ թվում՝ Նիդերլանդներում, Մեծ Բրիտանիայում և Կանադայում։

Loading...