16:42   04-12-2021
Հայաստանի ազգային գրադարանի տնօրենն ընտրվել է Եվրասիական գրադարանային ասամբլեայի փոխնախագահ
Թողնել մեկնաբանություն

 Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանն ընտրվել է Եվրասիական գրադարանային ասամբլեայի (БАЕ) փոխնախագահ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային գրադարանի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում զետեղված հաղորդագրության մեջ ասվում է, որ Եվրասիական գրադարանային ասամբլեայի (БАЕ) անդամների ընդհանուր 25-րդ համաժողովը տեղի է ունեցել դեկտեմբերի 3-ին:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ադրբեջանի խոշորագույն գրադարանների ղեկավարներ: Քննարկվել են «БАЕ»-ի ապագա ծրագրերն ու զարգացման նոր ուղիները:

Ընդհանուր ժողովի առանցքային և օրակարգային հարցերից են եղել «БАЕ»-ի ղեկավար մարմինների ընտրությունները` մինչև 2025 թվականը: Ձայների մեծամասնությամբ ասամբլեայի նախագահ է ընտրվել Ռուսաստանի պետական գրադարանի գլխավոր տնօրեն Վադիմ Վալերիի Դուդան, փոխնախագահ` Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Հրայրի Չուլյանը։ 2020 թվականից «БАЕ»-ի փոխնախագահ է նաև Ուզբեկստանի Ալիշեր Նավոյի անվան Ազգային գրադարանի տնօրեն Ումիդա Ուլիմջանովնա Թեշաբաևան:

Հատկանշական է, որ Հայաստանն առաջին անգամ է ստանձնում այս պատասխանատու պաշտոնը:

Loading...