17:24   24-01-2022
Հաջողությամբ շարունակվում է «STROKE» գլխի սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագրի ընդլայնումը
Թողնել մեկնաբանություն

Շարունակվում է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով ծառայությունների տրամադրումը ուռուցքաբանական հիվանդությունների, գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածների, ինչպես նաև սրտի անհետաձգելի վիրահատությունների դեպքերում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ սիրտ-անոթային հիվանդությունների դեմ պայքարի շրջանակում հաջողությամբ շարունակվել է «STROKE» գլխի սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագրի ընդլայնումը: Գյումրին նույնպես արդեն ընդգրկվել է ծրագրում, և «Գյումրի» ԲԿ-ն այսուհետ բուժօգնություն կիրականացնի այդ ծրագրի շրջանակում:

«Այս մոտեցումը տեղավորվում է նաև մարզերի համաչափ զարգացման տրամաբանության շրջանակներում: Մենք պետք է ունենանք գրագետ քարտեզագրված ծառայություններ, որոնք հնարավոր է իրականացնել մարզերում այն դեպքերում, երբ անհրաժեշտ են նեղ մասնագիտական խիստ բարձր տեխնոլոգիաներ պահանջող բժշկական գործողություններ, պետք է կարողանանք Երևանում ճիշտ կազմակերպել սանավիացիայով տեղափոխումը»,- ասաց նա:

Ավանեսյանը նշեց, որ ծրագիրը կընդլայնվի, իրենք աշխատելու են Վանաձորի բժշկական կենտրոնը նույնպես ներառել ծրագրի մեջ և ապահովել ծառայությունների ընդգրկուն հասանելիություն:

Loading...