18:27   24-01-2022
Իտալիայի խորհրդարանը սկսել է նախագահական ընտրությունների գործընթացը
Թողնել մեկնաբանություն

Իտալիայի խորհրդարանը երկուշաբթի սկսել է հանրապետության նախագահի ընտրությունը։ Օրենքի համաձայն՝ երկու պալատի անդամները և շրջանների ներկայացուցիչները մի շարք քվեարկություններ են անցկացնում, հազարից ավելի ընտրողներից յուրաքանչյուրը նշում է այն անձի անունը, ում արժանի է համարում որպես պետության ղեկավար՝ տեղեկացնում է Euronews-ը:

Հաղթում է այն թեկնածուն, որն առաջին երեք փուլում հավաքում է ձայների երկու երրորդը կամ հաջորդ փուլերում՝ պարզ մեծամասնությունը։ Այս ընթացակարգով Իտալիայի ամենաերկար նախագահական ընտրությունները տևել են 16 փուլ։

Այս անգամ իրավիճակը բարդացնում է սանիտարական ճգնաժամը։ Համաճարակի համատեքստում ստիպված են եղել հրաժարվել խցիկներից, սահմանվել են հեռավորության և ախտահանման կանոններ։ Իտալական ԶԼՄ-ները չեն բացառում էլեկտրոնային ձևաչափով քվեարկությունը:

Գործող վարչապետ Մարիո Դրագին և կառավարության նախկին ղեկավար Սիլվիո Բեռլուսկոնին ճանաչվել են նախագահական ընտրությունների ֆավորիտներ։ Վերջինս, սակայն, շաբաթ օրը հրաժարվել է առաջադրվելուց՝ համաճարակի դեմ պայքարում երկրի քաղաքական միասնությունը պահպանելու նպատակով։

Loading...