19:49   25-05-2022
Հայաստանն ու Կուբան առողջապահական ոլորտում գործակցության համաձայնագիր ստորագրելու պայմանավորվածություն են ձեռք բերել
Թողնել մեկնաբանություն

Ժնևում անցկացվող Առողջապահության համաշխարհային 75-րդ վեհաժողովի շրջանակներում հանդիպել են Հայաստանի առողջապահության և Կուբայի հանրային առողջության նախարարները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Անահիտ Ավանեսյանն ու Խոսե Անխել Պորտալ Միրանդան քննարկման շրջանակներում անդրադարձել են երկու երկրների առողջապահական համակարգերի առաջնահերթություններին:

Մասնավորապես, պայմանավորվել են գործակցել առողջության առաջնային պահպանման օղակի, առողջության համապարփակ ապահովագրության, հետբուհական բժշկական կրթության, կլինիկական հետազոտությունների ոլորտներում: Խոսե Անխել Պորտալ Միրանդան Անահիտ Ավանեսյանին հրավիրել է Կուբա: ՀՀ առողջապահության նախարարն էլ իր հերթին հրավիրել է Կուբայի հանրային առողջության նախարարին` մասնակցելու հոկտեմբերի 5-7-ին Երևանում կայանալիք Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպմանը:

Loading...