15:08   26-05-2022
Image Description
Ինչ տեսակետ ունի ՔՊ-ն արտահերթ նիստ հրավիրելու ընդդիմության մտադրության մասին. պարզաբանեցին պատգամավորները
Թողնել մեկնաբանություն

Երբ ընդդիմությունը Ազգային ժողով մուտք կանի նախագիծ՝ արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ, իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կհայտնի մասնակցելու կամ չմասնակցելու վերաբերյալ իր դիրքորոշումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանական ճեպազրույցում այս մասին ասաց ՔՊ-ից Արթուր Հովհաննիսյանը:

«Երբ ԱԺ-ում մուտք կարվի նախագիծ՝ արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ, այդ ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կհայտնի իր դիրքորոշումը՝ նիստին մասնակցելու կամ չմասնակցելու վերաբերյալ»,-ասաց Հովհաննիսյանը:

Պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ, անդրադառնալով հարցին, թե արդյոք սա կարելի՞ է դիտարկել որպես ընդդիմության վերադարձ խորհրդարան, ասաց՝ ընդդիմադիրների պարտականությունն է՝ լինել նիստերին:

Ինչ վերաբերում է նախատեսվող արտահերթ նիստին՝ նա ասաց.  «Նիստը պետք է ունենա օրակարգ, օրակարգին պետք է նախորդի հայտարարության նախագիծ, նախագիծը պետք է սահմանված կարգով դրվի շրջանառության մեջ, ընդդիմադիր պատգամավորները պետք է մասնակցեն հանձնաժողովների նիստերին: Նախաձեռնության մասին ասելը դեռևս օրակարգ չէ, դեռևս արտահերթ նիստ չէ»:

Խորհրդարանական ընդդիմությունը տևական ժամանակ է, ինչ փողոցային պայքար է սկսել՝ իշխանափոխության պահանջով և չի մասնակցում նաև ԱԺ նիստերին: Սակայն ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը մայիսի 25-ին հայտնել էր, որ ընդդիմադիր երկու խմբակցությունները ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ են հանդես եկել՝ իրենց օրակարգով՝ պահանջելով, որ խորհրդարանը հանդես գա հայ–ադրբեջանական և հայ–թուրքական հարաբերությունների հետ կապված հստակ հայտարարությունով։ Սաղաթելյանը ներկայացրել էր նաև հայտարարության տեքստը:

Loading...