15:09   26-05-2022
Image Description
Շատ չափավոր լավատեսություն կարելի է տեսնել այս գործընթացում. Վարդանյանը՝ սահմանազատման հարցով հանձնաժողովների մասին
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը Հայաստանի  և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի համար շատ-շատ չափավոր լավատեսություն է տեսնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վարդանյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով ստեղծված հանձնաժողովների մասին հարցին:

«Գործընթացը սկսվել է առնվազն ակտերի մակարդակով: Կայացվել են համապատասխան ակտեր, ստեղծվել են հանձնաժողովներ, որոնք պետք է սկսեն աշխատանքները: Կան ձեռք բերված որոշակի պայմանավորվածություններ, կարծես թե շատ-շատ-շատ չափավոր լավատեսություն կարելի է տեսնել այս գործընթացում, որ մեր հարևան երկրի ներկայացուցիչները հակված են այս գործընթացը չձախողելու և գործընթացը սահմանված ընթացակարգով և ձեռք բերված պայմանավորվածություններով առաջ տանելու»,- ասաց Վարդանյանը:

Իսկ մանրամասները կբյուրեղանան, երբ երկկողմ հանձնաժողովը սկսի իր բուն աշխատանքը:

Պատգամավորն ընդգծեց, որ սահմանազատումը, սահմանագծումը բավականին երկարատև և տեխնիկապես բարդ գործընթաց է, և այս գործընթացի պարագայում և քաղաքական կամքը, և ներգրավված անձանց պրոֆեսիոնալիզմը, և բոլոր միջազգային գործընկերների աջակցությունը միայն դրական ազդակ կլինեն՝ հաջողությամբ այս գործընթացն ավարտելու համար:

Loading...