14:43   27-05-2022
Image Description
Իրաքում Իսրայելի հետ հարաբերությունների համար մահապատիժ կամ ցմահ ազատազրկում է սահմանվել
Թողնել մեկնաբանություն

Իրաքի օրենսդիրներն ընդունել են օրենք, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում Իսրայելի հետ կապերի եւ ցանկացած, ներառյալ գործարար, հարաբերությունների հաստատման համար: Օրենքի խախտման համար մահապատիժ կամ ցմահ ազատազրկում է սահմանված։

Օրենքը հավանության է արժանացել 275 պատգամավորի կողմից։ Խորհրդարանի հայտարարության մեջ ասվում է, որ օրենքը «ժողովրդի կամքի իրական արտացոլումն է»:

Ազդեցիկ շիա հոգեւորական Մուկթադա աս-Սադրը, որի կուսակցությունն անցյալ տարի Իրաքի խորհրդարանական ընտրություններում ստացել է ամենամեծ թվով մանդատները, իրաքցիներին կոչ է արել դուրս գալ փողոց՝ տոնելու «մեծ ձեռքբերումը»։

Ինչպես նշում է AP-ն, պարզ չէ, թե ինչպես կկիրառվի օրենքը, քանի որ Իրաքը չի ճանաչում Իսրայելը 1948 թվականին երկրի կազմավորումից ի վեր, երկու երկրները դիվանագիտական հարաբերություններ չունեն.

Միացյալ Նահանգները հայտարարել է, որ խորապես անհանգստացած է իրաքյան օրենքով: «Բացի այն, որ այդ օրենքը սպառնալիքի տակ է դնում խոսքի ազատությունը եւ հակասեմականության մթնոլորտ է ստեղծում, այն կտրուկ հակադրվում է առաջընթացին, որ Իրաքի հարեւանները հասել են Իսրայելի հետ կամուրջներ կառուցելով եւ հարաբերությունները կարգավորելով՝ ստեղծելով նոր հնարավորություններ ողջ տարածաշրջանի մարդկանց համար»,- հայտարարել է Պետդեպարտամենտը։

Loading...