12:57   25-06-2022
Քննարկվել են ընտանեկան բռնության օրենսդրական կարգավորումներին առնչվող մի շարք հարցեր
Թողնել մեկնաբանություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է «Հայ իրավաբանական միություն» կազմակերպության ներկայացուցիչներին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ընտանեկան բռնության օրենսդրական կարգավորումներին, ոլորտում առկա հիմնախնդիրներին առնչվող մի շարք հարցեր, ընդգծվել է 2020թ․ պատերազմի ընթացքում և հետպատերազմական ժամանակաշրջանում Արցախին ուղղված աշխատանքների կարևորությունը։

Ներկայացնելով արցախահայության աջակցության ծրագրերը՝ Նարեկ Մկրտչյանը նշել է, որ ԱՍՀՆ կողմից իրականացված 20-ից ավելի միջոցառումներն իրականացվել են Արցախի գործընկերների հետ սերտ համագործակցությամբ։ Այս համատեքստում նախարարը բարձր է գնահատել նաև կազմակերպության՝ հայրենիքում և Սփյուռքում ունեցած ներդրումը պատերազմական ու հետպատերազմական ժամանակաշրջանում:Անդրադառնալով հանդիպման հիմնական թեմային՝ Նարեկ Մկրտչյանը շեշտել է Հայ իրավաբանական միության ծավալած արդյունավետ գործունեության կարևորությունն ընտանեկան բռնության կանխարգելման ոլորտում և շեշտել, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել այս ուղղությամբ ևս:

Հայ իրավաբանական միության անդամները, ներկայացնելով իրենց գործունեությունը, նշել են, որ ամբողջ աշխարհում կազմակերպությունն ունի 4000-5000-ից ավելի անդամներ, որոնց աշխատանքը մեծապես ուղղված է տարբեր ոլորտներում օրենսդրական կարգավորումների բարելավմանը։

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել աշխատանքային կարգով շարունակել քննարկումները ոլորտի բարելավման ուղղությամբ։




Loading...