13:04   28-06-2022
Մենք հետևողական ենք լինելու, որ մեր բոլոր գերեվարված եղբայրները վերադառնան Հայաստան. Փաշինյան
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի իշխանությունները հետևողական են լինելու, որ գերեվարված և դեռևս Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր անձինք վերադառնան հայրենիք։ Քանի դեռ Ադրբեջանում պահվող թեկուզ մեկ գերեվարված անձ չի վերադարձել, ՀՀ վարչապետն իշխանության ջանքերն արդյունավետ չի համարում, ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով նոյեմբերի 9-ից հետո Խծաբերդ, Հին Թաղեր գյուղերից գերեվարված շիրակցի պահեստազորայինների մասին հնչած հարցին՝ վարչապետն ասել է, որ Խծաբերդից գերեվարված անձանց հարազատներն իր հետ անձնական տասնյակ հանդիպումների ժամանակ հարց են բարձրացրել, թե ինչո՞ւ են զինվորները հայտնվել այնտեղ, եթե այդ տարածքները հանձնված էին:

«Ես բազմիցս պարզաբանել եմ, որ այդ տարածքները հանձնված չեն եղել: Եվ այդ տարածքները դե յուրե պետք է լինեին ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի և նրանց վերահսկողության ներքո: Եվ եռակողմ հայտարարության հիման վրա՝ Զինված ուժերը մնացել են այն դիրքերում, որոնցում պետք է լինեին: Խնդիրն այն է, որ այդ տարածքը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին էր»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետն ասաց նաև, որ այն ժամանակ ռուս խաղաղապահների հրամանատարի, ընդհուպ ՌԴ նախագահի հետ է այդ թեման մի քանի անգամ քննարկել: Գերեվարման հանգամանքների հետ կապված կա հարուցված քրեական գործ։

«Ուզում եմ արձանագրել, որ Ադրբեջանի՝ գերիներին չվերադարձնելու քաղաքականությունը նպատակ ունի վարկաբեկել ԼՂ-ում և Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահների գործունեությունը: Այսօր հաստատված գերեվարված անձանց 90 և ավելի տոկոսը գերեվարվել են ռուս խաղաղապահների տեղակայումից հետո և նրանց պատասխանատվության գոտում»,-ասել է վարչապետը:

Գերիների վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող քայլերին մասին Փաշինյանը վստահեցրել է, որ միջազգային հարթակներում և բոլոր աշխատանքային քննարկումներում շարունակում են այդ հարցը բարձրացնել, և պետք է շարունակեն այդ ուղղությամբ աշխատանքները: Նա հիշեցրել է, որ այդ հարցով նաև հայկական կողմը դատական գործընթացներում է միջազգային ատյաններում:

«Եվ մենք հետևողական ենք լինելու, որ մեր բոլոր գերեվարված եղբայրները վերադառնան Հայաստանի Հանրապետություն»,-շեշտել է վարչապետը:

Loading...